Հակակոռուպցիոն դատարանների ստեղծման համար կարող է պահանջվել ավելի քան 6 մլրդ դրամ

Ազգային ժողովի կայքում շրջանառության մեջ է դրվել հակակոռուպցիոն դատարանների ստեղծման օրենսդրական փաթեթը։ Նախագծերը դեռևս խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ չեն մտել։ Դրանք ներկայացրել է արդարադատության նախարարությունը։ Նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է ստեղծել հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ, բացի այդ, նախատեսվում է դատախազների բարեվարքության ուսումնասիրության համար ներդնել արդյունավետ մեխանիզմներ։

Հակակոռուպցիոն դատարանները քննելու են այն գործերը, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով։ Դրանք շուրջ 3 տասնյակ հոդվածներով նախատեսված հանցանքներ են, օրինակ՝ ընտրակաշառքը, պաշտոնեական լիազորություններն անցնելը, ապօրինի հարստանալը և այլն։

Արդարադատության նախարարությունը նաև հաշվարկել է, թե որքան ծախսեր կառաջանան այդ դատարանները ստեղծելու ճանապարհին։ Ըստ այդմ՝ աշխատավարձի, կոմունալի, գրասենյակային ծախսերը 2021-23-ին կկազմեն ավելի քան 3 մլրդ դրամ, շենքային պայմանների ապահովումը՝ շուրջ 3 մլրդ դրամ, դատարանների տեխնիկական հագեցվածության համար կպահանջվի 198 մլն դրամ, իսկ տրանսպորտով ապահովման համար՝ 21 մլն դրամ։

«Հարկ է նշել, որ վերոնշյալ ծախսերից 1 մլրդ դրամն արդեն նախատեսված է ՀՀ 2021-23-ի պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում, իսկ մնացյալ ծախսերը նախատեսված են ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում` որպես 2021-2023-ի ժամանակահատվածում ռազմավարություններից բխող նոր նախաձեռնություններ»,- նշված է նախագծում։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել