Ինչու ընկավ Շուշին և ինչու է պատասխանատու Նիկոլ Փաշինյանը

Մինչև այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջում պահպանվել է նրա նոյեմբերի 9-ի գրառումը, որում ասվում է. «Շուշիի համար մարտերը շարունակվում են»:

Այս տարօրինակ և իրականության հետ կապ չունեցող գրառումից երեք օր առաջ՝ նոյեմբերի 6-ին, ադրբեջանական բանակը արդեն մտել էր Շուշի և փաստացի վերահսկողություն էր իրականացնում, թեև քաղաքի և շրջակայքի տարբեր հատվածներում շարունակվում էին մարտերը:

Զինվորական աղբյուրներից մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ նոյեմբերի 7-ին Շուշիում և շրջակայքում ադրբեջանական շուրջ 6 000 զինվոր կար: Շուշիի անկման մասին առաջիններից մեկը պետք է որ տեղեկացված լիներ հենց Փաշինյանը: Սակայն ի՞նչն էր պատճառը, որ և՛ Հայաստանի վարչապետը, և՛ միասնական տեղեկատվություն (կարող եք կարդալ՝ ապատեղեկատվություն) տարածող պատասխանատուները, որոնց անվերապահորեն հավատում էր հայ ժողովուրդը, շարունակում էին մոլորության մեջ պահել քաղաքացիներին:

Պատճառը շատ պարզ է՝ ցույց տալ, որ Հայկական բանակը կենաց-մահու կռիվ է տվել բերդաքաղաքի համար:

Իրականում, ինչպես Շուշիում, այնպես էլ բազմաթիվ ուղղություններում հայ զինվորը, սպան, աշխարհազորն ու պահեստազորը սխրանքներ են գործել: Շուշիի դեպքում, սակայն, Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական պատասխանատուները այլ խնդիր էին ուզում լուծել՝ ապագայի համար և պատասխանատվությունից խուսափելու նպատակով ստեղծել բոլոր հիմնավորումները, որ մինչև վերջ պայքար է մղվել, սակայն ուժերի անհավասարության պատճառով է ընկել Շուշին:

Այն, որ ուժերը անհավասար էին, փաստ է:

Այն, որ Շուշիի հարցում չի եղել դավադրություն կամ դավաճանություն, ևս իրականություն է:

Այն, որ Շուշիի անկումը աղետ է Նիկոլ Փաշինյանի ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի համար և նրանք են քաղաքական պատասխանատուները, նույնպես աներկբա է:

Փաշինյանի և Հարությունյանի մեղքը բոլորովին այլ տեղ է: Նրանք և առաջին հերթին Նիկոլ Փաշինյանը՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար, սխալ հաշվարկ է կատարել, որի պատճառով ենք կորցրել Շուշին: Բացի այդ, Փաշինյանը չի կարողացել տարբերել, թե ինչ է նշանակում Արցախի կազմում ունենալ Շուշի թեկուզ ադրբեջանական գերակշիռ բնակչությամբ և ինչ բան է Շուշի, երբ այն Ադրբեջանի կազմում է:

Նոյեմբերի 17-ին Ռուսաստանի նախագահը հարցազրույցում հայտարարեց, որ հոկտեմբերի 19-20-ին ինքը հեռախոսազրույցների շարք է ունեցել Ալիևի ու Փաշինյանի հետ: Դա այն ժամանակ էր, երբ ադրբեջանական կողմը արդեն գրավել էր Հադրութը և շրջանի մի հատվածը: Պուտինին հաջողվել էր համոզել Ալիևին, որ դադարեցվեն ռազմական գործողությունները՝ պայմանով, որ ապահովվի Շուշի ադրբեջանցիների վերադարձը:

«Ինձ համար անսպասելիորեն մեր հայ գործընկերների դիրքորոշումը ձևակերպվեց այնպես, որ դա իրենց համար անընդունելի է, և վարչապետ Փաշինյանը ինձ ուղիղ ասաց, որ դրանում տեսնում է Հայաստանի և Ղարաբաղի հանդեպ սպառնալիք: Ինձ համար այսօր էլ հասկանալի չէ, թե որն էր սպառնալիքը, հաշվի առնելով, որ վերադառնալու են խաղաղ բնակիչները, իսկ հայկական կողմի վերահսկողության տակ է մնում Շուշին ու նաև հաշվի առնելով, որ այնտեղ են մեր խաղաղապահները»: Պուտինը ընդգծեց, որ Շուշին Ադրբեջանին փոխանցելու հարց երբեք չի դրվել:

Իսկ հիմա տեսնենք, թե ինչպես է հասկանում իրերի դրությունը Նիկոլ Փաշինյանը: Ֆեյսբուքի իր էջում նա գրում է.

«…Ռուսատանի նախագահը պայմանավորվածության համաձայն զանգեց: Ասաց, որ Ալիևը համաձայն է, բայց խաղաղապահները ոչ թե ԼՂԻՄ սահմաններով պետք է տեղակայվեն, այլ քանի որ Հադրութն ու Թալիշը իրենց հսկողության տակ են, ադրբեջանցիները համաձայն չեն այդ բնագծերից ետ գնալ, և նախկին ԼՂԻՄ տարածքում պետք է խաղաղապահներ տեղակայվեն ըստ փաստացի շփման գծի:

Նաև՝ պետք է հայկական կողմը պարտավորություն վերցնի, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Շուշի: Այսպես՝ հրադադարը դարձավ անհնարին, որովհետև ասացի, որ եթե անգամ Հադրութի հարցով համաձայնեմ, չեմ պատկերացնում Շուշին Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը: Ռուսաստանի նախագահը զարմացավ, թե ինչու եմ դեմ ադրբեջանցիների՝ Շուշի վերադառնալու տարբերակին: Երբ ներկայացրի փաստարկներս, ասաց, որ տրամաբանական է, և ինքը լավ տեղեկացված չէր որոշ նրբությունների: Խնդիրն այն էր, որ այդ պարագայում Շուշին 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն պետք է ունենար, ովքեր պիտի վերահսկեին դեպի Ստեփանակերտ ճանապարհը:

Համոզված եմ, որ եթե համաձայնեի Շուշին հանձնելու տարբերակին, Ադրբեջանը նոր պայման էր դնելու՝ Կարմիր Շուկա – Շուշի ավտոճանապարհը իրենց հսկողության տակ պիտի լինի»:

Ահա այստեղ է Նիկոլ Փաշինյանի հանցավոր անգիտությունը և գավառական մտածողությունը:

Հայաստանի վարչապետը չի տարբերում, թե ինչ է նշանակում ունենալ Շուշին Արցախի կազմում՝ անգամ գերազանցապես ադրբեջանական բնակչությամբ, և ինչ է նշանակում չունենալ Շուշին և այն թողնել Ադրբեջանի կազմում: Եվ ամենազավեշտալին՝ որտեղի՞ց գիտի, որ Ալիևը նոր՝ Կարմիր Շուկա – Շուշի ավտոճանապարհի պայմանն էր դնելու, երբ ինքը շաբաթներ ու ամիսներ Ալիևի հետ շփվում էր Պուտինի միջոցով:

Իրականում, Փաշինյանը չունի ռազմավարական մտածողություն, այլապես կհասկանար, որ Շուշին Արցախի կազմում, անգամ ադրբեջանցիներով բնակեցված, չափազանց կարևոր լծակ է հենց հայկական կողմի ձեռքում և զսպող ուժ՝ Ադրբեջանի հնարավոր սադրանքների դեպքում:

Հայաստանի վարչապետը, ենթադրաբար, նախընտրելի է համարել թեկուզ մեծ զոհերով ու զոհողություններով և պատերազմական գործողություններով քաղաքը կորցնել, քան բանակցային ճանապարհով համաձայնություն տալ Շուշի ադրբեջանցի փախստականների վերադարձին: Փաշինյանին, թվում է, որ եթե Շուշին ընկել է կռիվներով և հարյուրավոր զոհերով ու վիրավորներով, ապա դա ներվելու է:

Ոչինչ չի ներվելու: Հայ ժողովուրդը չի ներելու Նիկոլ Փաշինյանի, նրա կառավարության ու խորհրդարանում նրան աջակցող մեծամասնության, Արցախի վարչապետի ու կառավարության հանցավոր անպատասխանատվությունը Շուշիի կորստի համար:

Չի բացառվում, որ Հայաստանի ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, այնուամենայնիվ, հույս է ունեցել, որ հնարավոր կլիներ Շուշին պահել՝ հաշվի առնելով բերդաքաղաքի անառիկության մասին համոզումն ու հայոց մեջ ընդունված հավատը: Համոզված է եղել, որ ոչ միայն հնարավոր կլիներ պահել Շուշին, այլև հենց Շուշիի մատույցներում բեկում մտցնել:

Այստեղ մեջբերենք Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի խոսքը և դնենք վերջակետ.

«Պատերազմի չորրորդ օրը` Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ: Նմանատիպ գնահատականներ ես բազմաթիվ անգամ ներկայացրել եմ նաև վարչապետի հետ շուրջօրյա աշխատանքի ընթացքում, ինչպես նաև Անվտանգության խորհրդի նիստերում»:

Թաթուլ Հակոբյան