Պարզաբանում է ոստիկանությունը

Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի ապրիլի 11-ի համարում տպագրված «Մարդիկ գրանցված են եկեղեցու բակում և վառելիքի օբյեկտ-բազաներում» հրապարակման առթիվ: Թերթը նշել էր, որ Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքի ընտրացուցակներում մի քանի հազար քաղաքացիների հասցեների դիմաց գրված են «Եկեղեցու բակ», «Հարակից շենքի հարակից ավտոտնակ», «Նկուղ» և «Վառելիքի օբյեկտ, բազա»: 

Ըստ հրապարկման՝ Սարմի փողոցի տուն 103 հասցեում հաշվառված է 104 քաղաքացի:

Նշվել է նաև, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում փակցված ընտրատարածքային քարտեզների ու դրանց նկարագրությունների համաձայն` Նոր Արեշի 41 փողոցն ընդգրկված է թիվ 12 ընտրատարածքի քարտեզում, մինչդեռ այդ փողոցի հասցեներից ընտրողներ չկան:

Ոստիկանության լրատվական ծառայությունը հիշեցնում է, Բնակչության պետական ռեգիստրի մասին ՀՀ օրենսդրությունը նախատեսում է քաղաքացիներին ռեգիստրում հաշվառելու 2 տեսակ` մշտական և փաստացի: Մշտական հաշվառումն իրականացվում է բացառապես բնակելի տարածություններում, փաստացի հաշվառումը`ըստ քաղաքացու փաստացի բնակության վայրի, որը կարող է լինել նաև ոչ բնակելի`նկուղ, ձեղնահարկ, ավտոտնակ, հարակից ավտոտնակ, հարակից շենքի ավտոտնակ, ամառանոց, հողամաս, սննդի կամ հանրային նշանակության այլ օբյեկտներ և այլն: Այսինքն` հրապարակման մեջ նշված հասցեները  քաղաքացիների փաստացի բնակության հասցեներն են:

Սարմի փողոցն ընդգրկում է տարբեր ընտանիքների պատկանող 2 տասնյակից ավելի չհասցեավորված բնակելի տներ, որոնց բնակիչները նույնպես բնակելի տարածությունների հասցեների բացակայության պատճառով հաշվառված են Սարմի տուն 103 հասցեում:

Ինչ վերաբերում է Նոր Արեշ 41 փողոցին, այն ընդգրկված է ոչ թե թիվ 12, ինչպես նշված է հրապարակման մեջ, այլ` թիվ 13 ընտրատարածքի 13/32 ընտրական տեղամասում, նշված փողոցում առկա հասցեներում ընդգրկված են 700-ից ավելի ընտրողներ: