Մոսկվան և Անկարան Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոն ստեղծելու համաձայնագիր են ստորագրել

Մոսկվան և Անկարան ավարտել են Լեռնային Ղարաբաղում մշտադիտարկման համատեղ կենտրոնի շուրջ տեխնիկական բանակցություններն ու համաձայնագիր ստորագրել․ այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

«Ավարտվել են բանակցությունները տեխնիկական մանրամասների շուրջ, որոնք վերաբերում են ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքի սկզբունքներին և հիմքերին, ստորագրվել է համաձայնագիր»,- ասված է հաղորդագրությունում։ Նշվում է, որ «արվում է հնարավոր ամեն բան, որպեսզի համատեղ կենտրոնը շուտափույթ սկսի աշխատանքը»։

***

Նոյեմբերի 17-ին Թուրքիայի խորհրդարանը հավանություն էր տվել նախագահ Էրդողանի հրամանագրին՝ Ադրբեջան զինված ուժեր ուղարկելու վերաբերյալ։ Հաջորդ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «ռուս և թուրք զինծառայողները մասնակցելու են Ղարաբաղում քաղաքացիների անվտանգության ապահովման գործողություններին»։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ զինծառայողներ ուղարկելու մասին հրամանագիրը «Թուրքիայի ներքին գործն է, իսկ համատեղ կենտրոնի ստեղծումը՝ Մոսկվայի և Անկարայի երկկողմ պայմանավորվածության արդյունք»։

Տե՛ս՝

Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ պատվիրակություն կգա Ղարաբաղի հարցը քննարկելու

Մեկնաբանել