68 000 դրամ միանվագ աջակցության շահառուների ցուցակն ընդլայնվել է

Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող 68 000 դրամ միանվագ աջակցության շահառուների ցուցակն ընդլայնվել է։ Այս մասին հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Այսուհետև աջակցություն կստանան Արցախում հաշվառում ունեցող բոլոր երեխաները՝ անկախ ծնողի շահառու լինելու հանգամանքից․ պարտադիր պայման է միայն, որ ծնողն Արցախի հաշվառում ունենա։ Սոցաջակցության ծրագրից կարող են օգտվել նաև հոկտեմբերին ՀՀ-ում աշխատավարձ չստացած արցախցիները․այսուհետ շահառու չեն հանդիսանալու միայն 2020 թ. հոկտեմբերին Հայաստանում աշխատավարձ ստացած քաղաքացիները՝ նախկինում 2020 թ. հունվար-հոկտեմբեր ամիսների որևէ ժամանակահատվածում աշխատավարձ ստացած քաղաքացիների փոխարեն։

Հանվել է նաև ՀՀ-ում անհատ ձեռներեց լինելու դեպքում շահառու չհանդիսանալու պահանջը։

Այսպիսով, եթե նախկինում մուտքագրված դիմումը մերժվել է անհատ ձեռներեց լինելու, հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում եկամուտ ստանալու, իսկ անչափահասի դեպքում՝ ծնողի շահառու չհանդիսանալու հիմքով, ապա խնդրում ենք մուտքագրել նոր դիմում։