Պատերազմի թեման հետպատերազմյան Հայաստանում և քաղաքական օրակարգերը

Քաղաքական խորհրդատու Էրիկ Հակոբյանը խոսում է այն մասին, թե ինչպես են քաղաքական տարբեր ուժեր օգտագործվում պատերազմը, ինչպես նաև պատերազմի վարման, բանակի ընկալումների, ռազմագերիների հետ կապված իրավիճակի և քաղաքական ու ռազմական ղեկավարության վարքագծի մասին։

-Ո՞րը կարող էր լինել Հայաստանի ռազմական պարտության պատճառը։ Ինչպե՞ս են քաղաքական տարբեր ուժեր օգտագործում պատերազմը հետպատերազմական այս շրջանում։ 

-ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին մի հայտնի խոսք ունի 1961-ին ձախողված Խոզերի ծովածոցի գործողությունից հետո, երբ ԱՄՆ-ը փորձեց տապալել Ֆիդել Կաստրոյին։ Դա նրա՝ որպես նախագահ, առաջին ձախողումն էր։ Քենեդին ասաց իր հայտնի խոսքը՝ «հաղթանակը հազարավոր տերեր ունի, իսկ պարտությունը որբ է»։ 

Ուստի, ես բոլորովին զարմացած չեմ, որ այս խնդիրը շահարկվում է որպես քաղաքական ֆուտբոլ տարբեր ուժերի կողմից։ Իրականում պատերազմը նույն քաղաքականությունն է՝ հրազենի փողի միջով, այն ծայրահեղ քաղաքական գործողություն է։ Ակնհայտ է, որ այն օգտագործվելու էր տարբեր քաղաքական ուժերի կողմից՝ առաջ տանելու իրենց քաղաքական օրակարգերը։ Դա զարմանալի չէ, և պետք է սպասելի լիներ։ 

Ընդդիմությունը սա շահարկում է ներկա կառավարությանը հեղինակազրկելու և ցույց տալու նրա անհմտությունը պատերազմը վարելու, պատերազմին նախորդող, ընթացիկ և հաջորդող շրջանում որոշումների կայացման հարցում։ Նրանք ակնհայտորեն օգտվում են սրանից՝ հաշվի առնելով պարտության մասշտաբները և դա օգտագործելով իրենց նպատակների համար։ Չգիտեմ՝ որքան արդյունավետ են նրանք դա օգտագործում, քանի որ հաշվի առնելով, թե որքան հեղինակազրկված են այս՝ նախկին վարչակարգի հետ կապված մարդկանցից ոմանք, նրանց հարձակման գիծը դարձնում է խնդրահարույց։ Բայց պատերազմը առաջնային խնդիրն է, որը ներկա կառավարության հանդեպ աջակցության հսկայական անկման պատճառ է դարձել, շատ ավելի շատ, քան մյուս խնդիրները՝ տնտեսությունը, կորոնավիրուսը, որոնք խամրած են դրա համեմատ։ 

Իսկ կառավարության կողմից ականատես ենք նրան, ինչը կարելի է անվանել «զինվորների հետևում թաքնվել»․ և սա արվում է հենց զորակոչիկների կողմից, որոնք հանդես են գալիս ոչ թե վարչապետի, այլ պատերազմը ավարտելու կողմից, ինչը տեսնում ենք նրանց հոլովակներում, կամ երբ նրանք անձամբ գալիս են Երևան։ Դա թերևս թուլացրել է «մենք պետք է շարունակենք պատերազմը» տեսակի զրույցները։ 

– Ի՞նչ է անհրաժեշտ այս ամենն ապաքաղաքականացնելու, պատերազմի մշուշը հաղթահարելու և երկրին այս հարցերի պատասխանը տալու համար։ 

– Ըստ իս՝ երկու խնդիր կա այստեղ։ Պետության խնդիրը և քաղաքացիների խնդիրը․ Հայաստանի դեպքում քաղաքացիներից շատերը երկրում չեն բնակվում, ուստի սա նաև Սփյուռքի խնդիրն է։

Կառավարության խնդիրը շատ պարզ է՝ ստեղծել ճշմարտության կոմիտե, որը կուսումնասիրի պատերազմի ժամանակ ընդունված որոշումները, ազատ կլինի՝ հետաքննելու՝ ուր էլ որ թելը տանի․ եթե հետքերը տանեն ռազմական ղեկավարության ապաշնշորհությանը կամ տանի ցանկացած մեկի գրասենյակ՝ ով էլ որ լինի։

Մեզ պետք են անկողմնակալ մասնագետներ, որոնք վայելում են հանրության վստահությունը։ Անկեղծ ասած՝ այդ մարդկանցից շատերը պետք է գան արտասահմանից, որովհետև մենք ունենք բազմաթիվ հայ և այլ ռազմական փորձագետներ, որոնք պետք է գան, նայեն ամեն ինչին, և արագ պատասխանեն առաջնահերթ հարցին՝ ի՞նչն էր սրա պատճառը, անկախ նրանից՝ ում են մեղադրում; և երկրորդ՝ հանդես գան առաջարկություններով։ 

Սա այդքան էլ արտասովոր բան չէ։ 1973-ի արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ, երբ Իսրայելի բնակչությունը գրեթե հավասար էր Հայաստանի այսօրվա բնակչությանը, և նրանք մոտավորապես ունեին այնքան զոհ, որքան մենք այս պատերազմում,- չնայած մենք չգիտենք հստակ թիվը,- և 1973-ը Իսրայելի համար ձախողում էր հետախուզական և ռազմական առումով․․․ ընդամենը երեք ամսում նրանք արդեն ունեին ակնարկը՝ հանձնարարականներով, թե ով էր պատասխանատու, ով պետք է պաշտոնից հեռացվեր, և որոնք էին առաջ շարժվելու քայլերը։ Այս բոլոր քայլերը կարող են արվել։

Իսկ սովորական քաղաքացիներն ու անհատները պետք է համեստություն ունենան և չխոսեն բաների մասին, որոնցից տեղյակ չեն։ Իրականում՝ շատ բաներ կան պատերազմում, որ միգուցե իմանանք քսան-երեսուն տարի անց։ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին շատ բաներ ի հայտ եկան միայն բազում տարիներ անց։ Օրինակ, Երկրորդ համաշխարհայինի ժամանակ անգլիացիները կոտրել էին գերմանացիների գաղտնի կոդերը, ուստի Չերչիլը ամեն գիշեր քնելիս գիտեր, թե բրիտանական ո՛ր քաղաքն է հողին հավասարեցվելու։ Այսպիսին են իսկապես բարդ, սարսափելի որոշումները, որոնք պետք է կայացնեն քաղաքական գործիչները։ Ըստ իս, եթե որևէ մեկը իր իմացածի մասին խոսում է այնպես, թե դա հաստատ է, ու որ դա հենց այդպես էլ կատարվել է, ապա նա չգիտի՝ ինչի մասին է խոսում։ Մենք չգիտենք՝ ինչ է կատարվել։ Մինչև հետաքննություն չկատարվի, մենք երբեք չենք իմանա։ Ուստի պետք է դադարենք ենթադրություններ անել, համեստ լինենք, և մեզ պահենք առնվազն այն երիտասարդների արժանապատվության մակարդակին, որոնք կենաց-մահու պայքար մղեցին՝ կանխելու ամենավատը, և մեզ թույլ տալու այս զրույցն ունենալ այսօր։ Եկեք այդ չափանիշը պահենք։ 

– Դա հաշվի առնելով՝ ի՞նչ գիտենք այն մասին, թե ինչպես է վարվել պատերազմը, ունե՞նք բավարար տեղեկատվություն՝ դրա մասին գաղափար կազմելու համար։

– Ես ևս, ինչպես ասացի, ինձ կպահեմ այդ նույն չափանիշին համարժեք, կխոսեմ ընդհանրական առումով, որի հետ կհամաձայնեն ռազմական հարցերից տեղյակ մարդիկ։ Այս պատերազմի առաջնային փոփոխականը ադրբեջանական բանակի թուրքական ղեկավարությունն էր։ Հատկապես հուլիսին տավուշյան մարտերում նրանց ստորացումից հետո Ալիևը իր ռազմական ղեկավարությունը հանձնեց թուրքերին։ Նրանք էին ղեկավարում ռազմական գործողությունը՝ բերելով թուրքական անօդաչուներ, նրանք էլ կառավարում էին դրանք։ Բերեցին իրենց օդուժը և հատուկ ջոկատայիններին, ահաբեկիչների՝ Սիրիայից, Լիբիայից և այլ վայրերից։ Ադրբեջանական բանակի թուրքական կառավարումը այս պատերազմի առաջնային փոփոխականն էր։ 

Երկրորդը՝ անօդաչու թռչող սարքերի ազդեցությունը, որը բոլորն են հասկանում։ Նրանք ունեին արդյունավետ անօդաչու թռչող սարքեր, մենք չունեինք։ Կամ եթե ունեինք էլ, չօգտագործեցինք, կամ չգիտեինք՝ ինչպես տեղին կամ ժամանակին արձագանքել դրանց։ 

Երրորդը՝ ի՞նչն է կարևոր արդի պատերազմական գործողություններում. գերակայությունը երկնքում և արագությունն ու ճկունությունը ցամաքում, որն ունեին նրանց հատուկ ջոկատայինները, ինչը թույլ տվեց նրանց ճեղքում ունենալ։ Որևէ ստատիկ պատերազմական գործողությունների դեպքում նրանք չէին կարողանա ճեղքում ունենալ։ Առաջնագծի այն վայրերում, որտեղ ստատիկ պատերազմական գործողություններ էին, մեր տղաները պահեցին դիրքերը, և որտեղ շարժում կար՝ մենք նահանջում էինք։ Ակնհայտորեն, դա էր պատերազմի փոփոխականը։ 

Վերջին բանը՝ մեր բանակի լավագույն մասը մեր 18-20 տարեկան զորակոչիկներն էին: Այդ տղաները շատ արագ տղամարդ դարձան։ Լավ է, որ նրանք հերոսաբար մարտնչում էին, բայց մյուս կողմից, տխուր է, որ նրանք էին մեր բանակի լավագույնները։ 

Սրանք էին այն չորս բաները, որ գիտենք ընդհանրացումներով։ Բայց մանրամասները բավարար չգիտենք։ 

– Իսկ ի՞նչ կասեք գերիների շուրջ իրավիճակի մասին։

– Մենք բոլորս տեսել ենք սարսափելի հոլովակներ։ Ակնհայտորեն, երբ նման հոլովակներ ենք տեսնում, շատ ենք անհանգստանում մեր ծանոթների համար, մեր ռազմագերիների համար։ Ռազմագերիներից բացի եղան քաղաքացիական գերիներ հրադադարին հաջորդող մի քանի օրվա ընթացքում, մարդիկ, որոնք սխալ ժամանակ սխալ տեղ էին հայտնվել։ Կա մեծ շփոթություն։ Սակայն, դժբախտաբար, սրա պատճառը ադրբեջանական կողմի համագործակցության պակասն է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և հայկական կողմի հետ՝ մարմինների փոխանակման հարցով։

Ինչու՞ են նրանք այդպես վարվում, գաղափար չունեմ։ Չենք կարող իմանալ նրանց շարժառիթները։ Կարծում եմ՝ շարժառիթներից մեկն էլ այն է, որ նրանց զոհերի քանակը շատ ավելի շատ է, և նրանք ցականում են հետաձգել մարմինների փոխանակումը։ Նույնիսկ եթե պատերազմը հաղթում ես, չես ցանկանա չորս հազար թաղում ունենալ հանգստյան օրերին։ 

Հիմա սա պետք է կառավարության օրակարգի առաջնային հարցը լինի՝ զգոն լինել, բարձրացնել այս հարցը։ Մենք ևս ադրբեջանցի գերիներ ունենք, որոնք շատ ավելի լավ վերաբերմունքի են արժանանում, քան մեր գերիներն այնտեղ։ Մենք կարող ենք մեղադրել մեր կողմին՝ որքան ցանկանանք, սակայն մեր կողմը ստիպված է բանակցել նեո-ֆաշիստական մի պետության հետ, որը մարդասիրական հողի վրա ոչինչ չի անում։ 

– Ինչպե՞ս է փոխվել բանակի մասին հանրային ընկալումը հետպատերազմական շրջանում։ 

– Խնդիրը պետք է երկու մասի բաժանել՝ կան զինվորները, և կա բանակը․ սրանք երկու տարբեր բաներ են։ Երբ խոսում ենք մեր զինվորների մասին՝ հատկապես մեր երիտասարդ տղաների ու աղջիկների, որոնք առաջնագծում էին, նրանք անկասկած հերոսներ են։ Ուստի, ցանկանում եմ առավելագույնս հստակ լինել այս մասին խոսելիս։

Սակայն բանակը՝ որպես ինստիտուտ, մեծ հարված է կրել։ Հատկապես հին վարչակարգի ժամանակ կար այս ընկալումը, որ այս երկրում շատ բաներ չեն աշխատում, կան շատ խնդիրներ, հիմարություն և անտաղանդություն, միջակություն, սակայն բանակը բացառություն է։ Ես էլ էի դրան հավատում, շատերն էին հավատում։

Սակայն հետադարձ հայացք նետելով՝ հասկանում եմ, որ դա ցանկալին իրականության տեղ դնելն էր։ Ընդհանուր առմամբ, եթե վատ կառավարում, միջակություն և մտածողության պակաս կար այլ ոլորտներում, ինչո՞ւ պետք է բանակը բացառություն լիներ։ Ուստի դա ավելի շատ ցանկալին իրականության տեղ ընկալել էր։ Եվ մենք դառը դաս քաղեցինք դրանից։ 

Կարծում եմ՝ բանակի նկատմամբ վստահությունը, և շեշտեմ, ղեկավարության, ոչ թե զինվորների, գահավիժել է։ Եվ այն պետք է վերականգնել, քանի որ բանակը բացառիկ կարևոր ինստիտուտ է։ Բայց չես կարող այն վերականգնել, եթե լիովին անկեղծ չես մարդկանց հետ։ Պատերազմի ընթացքում նաև հասկացանք, որ նրանք մեզ խաբում են, ուստի այդ վերակառուցման անկյունաքարային բաղադրիչը պետք է լինի անկեղծությունը։ 

– Այս փուլում ի՞նչ պետք է քաղենք Հայաստանի քաղաքական և ռազմական ղեկավարության վարքից։ 

– Կտամ մի պարզ պատասխան, որն ինձ ցավ է պատճառում։ Մեր տղաներին և աղջիկներին պատերազմ են առաջնորդել մարդիկ, որոնք արժանի չէին նրանց առաջնորդելու։ Խոսում եմ քաղաքական ամբողջ խավի մասին, և ինչպես հասկացանք, ռազմական ղեկավարության մեծ մասի մասին։ Պետք է զգույշ լինել, քանի որ չես կարող մեղադրել ամբողջ ռազմական ղեկավարությանը․ դա շատ լայն եզրույթ է։ Վստահ եմ՝ տեղում կային հրաշալի առաջնորդներ, որոնք հրաշալի բաներ են արել։ Ուստի պետք է շատ զգույշ լինենք և չընդհանրացնենք։ Երբ խոսում եմ ղեկավարությունից, խոսում եմ վերին ղեկավարության մասին, ոչ թե ասենք մի հրամանատարի, որը կարող էր բացառիկ սխրանքներ գործել։ 

Իսկ ընդհանուր առմամբ, մարդիկ, որոնց ուղարկեցինք առաջնագիծ, շատ ավելի լավին էին արժանի։ 

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի