Քննարկվում է Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման հարցը

Ստեփանակերտի օդանավակայանը վերաբացելու և Հայաստանի հետ ուղիղ թռիչքներ հաստատելու հարցով Լեռնային Ղարաբաղը մտադիր է դիմել Ռուսաստանի Դաշնությանը, գրում է ռուսաստանյան «Իզվեստիա» թերթը՝ նշելով, որ դեկտեմբերի 1-ից հետո Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապի միակ ուղին Լաչինի միջանցքն է, որը ձյան առատ տեղումների հետևնքով փակվում է և դառնում դժվարանցանելի։

Թերթի հետ զրույցում Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը պատմել է, որ վերջին օրերին ճանապարհը փակվել է, և Արցախը «փաստացիորեն կտրված է աշխարհից»։

«Մենք հույս ունենք, որ ռուս խաղաղապահների օգնությամբ մոտ ժամանակներում կրկին կբացվի Ստեփանակերտի օդանավակայանը, և կսկսեն իրականացվել միջազգային թռիչքներ, մենք այդ հարցը քննարկում ենք ռուսական կողմի հետ։ Բացվելուց հետո օդանավակայանը կդառնար երկրորդ կապի միջոցը արտաքին աշխարհի հետ», – ասել է Բաբայանը։ 

«Իզվեստիա» թերթի հետ զրույցում ռուս քաղաքական գործիչները և փորձագետները կարծիք են հայտնել, որ օդային դարպասների բացումը Արցախի համար «այժմ առաջնային խնդիր չէ», առավել կարևոր է բնակարանային ֆոնդի և հիվանդանոցների վերականգնումը։ 

Պետդումայի միջազգային հարաբերությունների գծով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովը հայտնել է թերթին, որ հարցը օրակարգային չէ։

«Առաջին հերթին անհրաժեշտ է վերականգնել սոցիալական ոլորտը՝ մանկապարտեզներ, դպրոցներ, հիվանդանոցներ, բնակարանային ֆոնդը Ղարաբաղում։ Օդանավակայանը թանկ հաճույք է, դրա բացման և շահագործման համար ոչ Լեռնային Ղարաբաղը, ոչ էլ Ռուսաստանը միջոցներ չունեն», – ընդգծել է պատգամավորը։ 

Քաղաքագետ Դենիս Դենիսովի կարծիքով՝ տեսանելի ապագայում օդանավակայանի բացումը տեղի չի ունենա այդ թվում՝ այս հարցում Ադրբեջանի դիրքորոշման պատճառով:

«Բաքուն ակնհայտորեն դեմ է Ստեփանակերտում օդանավակայանի բացմանը, քանի որ այդ տարածքները համարում է սեփական, պարզապես ժամանակավորապես գրավված։ Նոյեմբերի 10-ից գոյություն ունեցող հրադադարը միայն փոխզիջումային տարբերակ է, Բաքուն թույլ չի տա օդային հաղորդակցություն հաստատել Հայաստանի և Ղարաբաղի միջև», – ասել է քաղաքագետը։

***

Օդանավակայանը գտնվում է Ստեփանակերտից 10 կմ հեռավորության վրա, Ստեփանակերտ-Ասկերան A317 մայրուղուն հարող հատվածում՝ Իվանյան գյուղի մոտ։ Օդանավակայանը կառուցվել է 1974թ., հիմնականում չվերթներ է ընդունել Երևանից և Բաքվից։ 

1992թ․ Բերձորի ազատագրումից հետո օդանավակայանը մատնվել է պարապուրդի։ Օդանավակայանի վերաբացումը նախատեսված էր կատարել 2011թ. մայիսին 9-ին, սակայն հետագայում անորոշ ժամանակով հետաձգվել է: