Մանե Թանդիլյանը՝ Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ դեկտեմբերի 2-ի հրամանագրով Մանե Թանդիլյանը նշանակվել է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար։

Հանրապետության նախագահն այդ առթիվ ընդունել է Մանե Թանդիլյանին և նախանշել ստեղծված սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակում պետական սոցիալական քաղաքականության շրջանակում իրականացվելիք ծրագրերը:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նաև նորանշանակ նախարարին ցուցաբերած պատրաստակամության և հետպատերազմական ծանր ժամակաշրջանում՝ աշխատանքի առաջարկն ընդունելու համար:

2015 թվականի դեկտեմբերի 15-ից «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է։

2017 թվականին «Ելք» դաշինքի ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է այդ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ընտրված միակ կին պատգամավորը։ Եղել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը: 2018 թվականի փետրվարի 19-ին ԼՀԿ կառավարման խորհրդի նիստում ընտրվել է ԼՀԿ փոխնախագահ։

2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: 2018 թվականի հունիսի 12-ին, դեմ լինելով կառավարության կողմից կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը, հրաժարական է ներկայացրել նախարարի պաշտոնից։ Հունիսի 21-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը, և վերջինս կշարունակի պաշտոնավարել։

2018 թվականի նոյեմբերի 14-ին հրաժարական է տվել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար: ԼՀԿ համապետական ցուցակում զբաղեցրել է երկրորդ տեղը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում: Պատգամավոր է ընտրվել։

2020թ․ օգոստոսին Մանե Թանդիլյանը, առողջական խնդիրներով պայմանավորված, վայր է դրել պատգամավորական մանդատը, ինչպես նաև դադարեցրել գործունեությունը՝ որպես կուսակցության կառավարման խորհրդի անդամ։

Մեկնաբանել