Իսրայելի ադրբեջանական սխալը

Ամերիկյան The National Interest հանդեսում հրապարակվել է American Enterprise Institute-ի գիտաշխատող Մայքլ Ռուբինի հոդվածը, որը վերնագրված է «Իսրայելի ադրբեջանական սխալը»։ Ռուբինը պնդում է, որ Ադրբեջանին աջակցելով՝ Իսրայելը կարճաժամկետ հեռանկարում օգուտներ է ստանում, սակայն երկարաժամկետ առումով վտանգում է իր շահերը։ Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։

Լեռնային Ղարաբաղում 45-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունը հիմնականում օդում նրա հակառակորդի գերակայության արդյունքն է: Հայաստանը չունի Ադրբեջանի նավթային հսկայական հարստությունը: Նրա տնտեսությունը խեղդված է Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային շրջափակումից։ Տնտեսական այդ իրողությունները հանգեցրել են նրան, որ Հայաստանն իր պատերազմական ռազմավարությունում կենտրոնացել էր Ադրբեջանի ցամաքային ուժերի հետ հավասարությունը պահելու վրա: Վերջիվերջո, Ադրբեջանի օդուժը թե՛ փոքր է, թե՛ զինված խորհրդային «Սուխոյ -25», «ՄիԳ -21» և «ՄիԳ -24»-երով: Մինչդեռ, Լեռնային Ղարաբաղի տեղագրությունը հիշեցնում է Շվեյցարիան: 

Հայերը կարծում էին, որ նույնիսկ ավելի փոքր ցամաքային ուժերով կարող են պահել իրենց բարձր դիրքերը։ Այս սխալ հաշվարկը ճակատագրական եղավ։ Ադրբեջանը ոչ միայն ավելացրեց իր օդուժը թուրքական F-16 ինքնաթիռներով, այլև գնելով և կիրառելով տասնյակ իսրայելական կամիկաձե և հետախուզական ԱԹՍ-ներ՝ իր կողմը թեքեց Հայաստանի դեմ պատերազմի նժարը։ 

Իսրայելցիները կարող են արդարացնել իրենց հարաբերությունները Ադրբեջանի հետ ռեալպոլիտիկի տեսանկյունից։ Ամենակոշտ ձևակերպումներով՝ դրանք «էներգակիրներ զենքի դիմաց» հաշվարկի վրա հիմնված հարաբերություններ են: Երուսաղեմը Բաքվին վաճառել է միլիարդավոր դոլարների բարձրակարգ ռազմական տեխնիկա, իսկ Իսրայելն իր նավթային կարիքները գրեթե կիսով չափ հոգացել է Ադրբեջանի միջոցով։ Այնուամենայնիվ, հարաբերություններին հասցված երկարաժամկետ վնասը կարող է շուտով գերազանցել ցանկացած կարճաժամկետ շահ։ 

Հայերից շատերը և իրավիճակին դրսից հետևողները կենտրոնանում են բարոյական փաստարկի վրա. մի Հոլոքոստի զոհերը ոչ միայն աչք են փակում, այլև զենք են վաճառում մեկ այլ Հոլոքոստի հավանական մեղավորների։ Պատերազմի մասին հայերի ընկալումները նոր երանգավորում ստացան նաև, քանի որ ադրբեջանցիները (և թուրքական հատուկ ուժերը) պատերազմ սկսեցին գրեթե հարյուր տարի անց այն իրադարձություններից, երբ թուրքերը ներխուժել էին նորանկախ Հայաստանի Հանրապետություն` Հայոց ցեղասպանությունից հետո։ 

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի՝ իր հայ գործընկեր Արմեն Սարգսյանին ուղղված հավաստիացումները, որ Իսրայելի ռազմական առևտուրը «ուղղված չէ որևէ կողմի դեմ», հետագայում դատարկ էին հնչում՝ հաշվի առնելով հակամարտության նախորդ օրերին և, հնարավոր է, դրա ընթացքում զենքի արագ առաքումները: Ռեալիստներն Իսրայելում և այլուր կարող են մերժել բարոյական փաստարկները՝ հաշվի առնելով այլ շահերի հրատապությունը, բայց Իսրայելի՝ Ադրբեջանին զենք վաճառելու ցինիկ կարճաժամկետայնությունը թանկ կարժենա։

Դիտարկենք Իսրայելի իր իսկ սահմանների մասին նկատառումները. «Պաշտպանված սահմանների» անհրաժեշտությունը շուրջ կես դար եղել է Իսրայելի հիմնական գերակայություններից մեկը ցանկացած խաղաղ կարգավորման հարցում: Պալմախի՝ անկախությանը նախորդած հրեական հատուկ ջոկատի հիմնադիր Յիգալ Ալոնի հետագա քաղաքական կարիերան ևս ութ տարի շարունակվեց փոխվարչապետի և երեք տարի՝ արտաքին գործերի նախարարի պաշտոններում։ 1976-ին Ալոնը Foreign Affairs հանդեսում հոդված հրապարակեց՝ «Իսրայել. պաշտպանված սահմանների խնդիրը» խորագրով, որում ներկայացրեց Իսրայելի մտավախությունները և ձևակերպեց իր պատկերացումը, թե ինչպես կարող է մշակվել «հող խաղաղության դիմաց» սկզբունքը։ Ակադեմիական Դորե Գոլդը, որը եղել է վարչապետներ Արիել Շարոնի և Բենիամին Նեթանյահուի խորհրդականը, ինչպես նաև պատերազմի իսրայելցի վետերաններ, որ կապված են Գոլդի՝ Երուսաղեմի հանրային կապերի կենտրոնի հետ, մի քանի զեկույց են հեղինակել՝ պաշտպանված սահմանները ներկայացնելով որպես կայուն խաղաղության անհրաժեշտ պայման։

Երևանը վաղուց էր անվտանգության նմանատիպ հաշվարկներ կատարել. այն շրջանները, որոնք Հայաստանը բաժանում են Լեռնային Ղարաբաղից, վճռորոշ նշանակություն ունեն երկուսի անվտանգության համար էլ: Խնդիրը ոչ միայն բարձրադիր տեղանքն ու հաղորդակցության ուղիներն են, այլև այն, որ Քելբաջարի (Քարվաճառ) շրջանը, որը Ռուսաստանի և Թուրքիայի կողմից պարտադրված հրադադարի համաձայնագրով նվիրվել է Ադրբեջանին, Հայաստանի ջրերի 85 տոկոսի աղբյուրն է: 

Ադրբեջանն այժմ կարող է կտրել Հայաստանի ջրամատակարարումը։ Ավելին, հայ պաշտոնյաները մտահոգված են, որ Ադրբեջանը կամ նրա վարձկան ծայրահեղական սիրիացի արաբ իսլամիստներն հիմա կարող են ջրահոսքերը թունավորել ռադիոակտիվ թափոններով և դրանով վտանգել Սևանա լիճը, որը Հայաստանի գլխավոր ջրավազանն է։ 

Իհարկե, Իսրայելը ևս նախկինում բարձրացրել է ջրային անվտանգության խնդիրները՝ կապված Թիբերիասի լճի և Գոլանի բարձունքների հետ: Այժմ, սակայն, Ադրբեջանին աջակցելով ընդդեմ Հայաստանի՝ Իսրայելը նախադեպ է ստեղծել, երբ Բաքուն կարող է պարտադրել այնպիսի լուծում, որն անտեսում է պաշտպանվող սահմանների թեզն ու ջրային անվտանգությունը՝ խաթարելով Իսրայելի հետագա բանակցային դիրքը: Միգուցե Ադրբեջանն ուրախ է գնելու Իսրայելի անօդաչու թռչող սարքերը, բայց Իսրայելի երկարաժամկետ անվտանգության գինը շատ ավելի մեծ է, քան իսրայելցիները գիտակցում են:

Պարզ չէ նաև՝ արդյոք խաղաղապաղ գծերը կաշխատեն, թե ոչ: Ռուս խաղաղապահները, որոնց ես հանդիպեցի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Քելբաջարի շրջանում, պրոֆեսիոնալ են: Նրանք ընկերական էին տեղացիների նկատմամբ: Երեխաներին թույլ էին տալիս նստել իրենց զրահամքենաների վրա, մեծերի հետ օղի էին խմում մտերմանալու համար, և կանոնավոր դիմում էին ինչպես արևմտյան, այնպես էլ տեղական հասարակական կազմակերպություններին` համակարգման մեխանիզմներ ներդնելու համար: Դա խոսում է այն մասին, որ նրանց դիրքերը թույլ են։

Ռուսները ոչ միայն չկարողացան կասեցնել ադրբեջանական ուժերի կամ նրանց վարձկանների կողմից հայ խաղաղ բնակիչների առևանգումները նույնիսկ Լաչինի անվտանգ միջանցքում, այլև չկանխեցին բախումները Սոթքի ոսկու հանքի շուրջ: Եթե նախագահ Վլադիմիր Պուտինի մահից հետո Ռուսաստանում քաոս սկսվի, ռուս խաղաղապահները կարող են չքանալ այնքան արագ, որքան արագ եկել էին, և անպաշտպան թողնել Հայաստանը:

Ադրբեջան-Հայաստան սահմանի երկայնքով ստեղծված իրավիճակը շատ հեռու է համեմատվելու այն բուֆերային գոտու հետ, որը Իսրայելը պահանջեց Եգիպտոսից Սինայի վերադարձի դիմաց։ Պատերազմում Իսրայելի աջակցությունն Ադրբեջանին և Հայաստանը Ղարաբաղից բաժանող շրջաններում բուֆերային կամ ապառազմականացված գոտիների բացակայությունը նույնպես կդառնա նախադեպ, որը թույլ կտա խուսափել ապառազմականացված գոտիներից Արևմտյան ափի հատվածներում, որոնք, ի վերջո, կդառնան Պաղեստինյան պետության մաս։

Իսրայելի՝ Ադրբեջանին գրկաբաց ընդունելը ոչ միայն առևտուր էր, այլև ռազմավարություն, քանի որ երկու երկրները համագործակցում էին ընդհանուր հակառակորդ Իրանի դեմ։ Իհարկե, իսրայելցի շատ պաշտոնյաներ կարծում են, որ Իրանը գոյաբանական մարտահրավեր է։ Սակայն Իրանի կղերական վարչակազմը սպառնալիք է նաև Ադրբեջանի համար, քանի որ այդ երկրի շիական աշխարհիկ վարչակարգը ստեղծել է այլընտրանքային մոդել, որը փափագում էին շատ իրանցիներ: Իսրայել-Ադրբեջան ամուր կապերի կողմնակիցները համադրում էին երկու երկրների հետախուզական, մոնիթորինգի և լրտեսական համագործակցությունը Իրանի և Հայաստանի ավանդական ամուր կապերի դեմ։

Այստեղ է, որ իսրայելցի պաշտոնյաների՝ տարածաշրջանային գործընթացների սխալ ընկալումը հանգեցնում է ինքնաբերական մարգարեության, երբ գրկաբաց ընդունում են Ադրբեջանին ու Թուրքիային, բայց լռում են այդ երկու երկրների կողմից Հայաստանի շրջափակման մասին և ստիպում Հայաստանին ապավինել Իրանին` որպես տնտեսական փրկօղակի: 

Հայաստանցիների գրեթե մեկ երրորդը գոյատևում է գյուղատնտեսության շնորհիվ։ Շրջափակման պատճառով օդային ճանապարհով ապրանքներ արտահանելը թանկ է և ոչ մրցունակ: Այդպիսով, Իրանը դառնում է միակ իրական տարբերակը: Նույնը վերաբերում է օգտակար հանածոներին և արդյունաբերական ապրանքների մեծ մասին: Իսրայելական ավելի հեռատես քաղաքականությունը կարող է լինել Հայաստանին օգնելը՝ նվազեցնելու կախվածությունը Իրանից՝ պահանջելով, որ Թուրքիան և Ադրբեջանը բացեն իրենց սահմանները հայկական ապրանքների համար:

Իսրայելի կարճատեսության վերջին կողմը ավելի քան 7 700 արաբ կամ թուրքմեն վարձկաններն են, որոնց Թուրքիան Սիրիայից տեղափոխել է Ադրբեջան ՝ քրիստոնյաների դեմ կրոնական ջիհադ կազմակերպելու համար: Այս վարձկանների ինքնությունը գնալով ավելի ակնհայտ է դառնում. շատերը գալիս են Սիրիայից, իսկ ոմանք էլ նախկինում կռվել են Ալ Քաիդայի հետ կապված խմբավորումների կամ Իսլամական պետության համար: 

Իսրայելցիները Ադրբեջանին կարող են պատկերել որպես աշխարհիկ և դավանանքի ազատությունը հարգող երկիր, բայց այն, որ նախագահ Իլհամ Ալիևը գրկաբաց է ընդունում գրոհայիններին, որոնք եկեղեցիներ են ավերում, ռազմագերիների գլխատում, կտրում նրանց ականջները և հանում աչքերը և մասնակցում հակաքրիստոնեական գործողությունների, խոսում է հակառակի մասին։ 

Եվ, վերջապես, Ադրբեջանի կողմից իսլամիստ վարձկաններին ընդունումը կարող է ոչ միայն ապակայունացնել երկիրը երկարաժամկետ հեռանկարում, այլև Իսրայելին ավելի խոցելի դարձնել: Պարզ ասած՝ լավ ահաբեկիչ հասկացություն գոյություն չունի, և աչք փակելով Ալիևի վերջին գործողությունների վրա՝ Իսրայելը խարխլում է ահաբեկչության դեմ իր սեփական պատերազմը. ինչպե՞ս կարող է բողոքել, որ Ղազայի հատվածում Համասի ահաբեկիչները անցնում են թույլատրելի սահմանները, երբ Երուսաղեմը, թեև անուղղակիորեն, համագործակցում է այդպիսի վարձկանների հետ ընդդեմ Հայաստանի: 

Իսրայելի հարաբերությունները Ադրբեջանի հետ զարգացել են տասնամյակներ շարունակ: Երկու պետությունների սերտ կապը ժամանակին թերևս իմաստ ուներ, բայց ժամանակները փոխվել են: Հայաստանը ժողովրդավար երկիր է, մինչդեռ Ադրբեջանը դարձել է ընտանեկան բռնապետություն: Հայաստանն ապահովում է կրոնական ազատությունը, մինչդեռ Ադրբեջանն աշխատում է իսլամիստ ծայրահեղականների հետ: Ադրբեջանի ատելությունը հայերի նկատմամբ հետագայում Իրանին թույլ է տալիս շահարկել հակասությունները։ Միևնույն ժամանակ, չնայած Իսրայելն իր էներգետիկ պահանջարկը բավարարելու համար ժամանակին քիչ տարբերակներ ուներ, այժմ նա կարող է ապավինել ոչ միայն Կիպրոսին և Արևելյան Միջերկրածովի իր գազի հանքավայրերին, այլև Արաբական Միացյալ Էմիրություններին: Էմիրություններում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հեռու է կատարյալ լինելուց, բայց դա գոնե ցեղասպանություն չի հրահրում:

Իսրայելը կարիք չունի խզելու կապերը Ադրբեջանի հետ. դեռ շատ բան կա, որի շուրջ երկու երկրները կարող են համագործակցել: Բայց ինչպես Միացյալ Նահանգները թույլ չտվեց իր արաբ գործընկերներին թելադրել ԱՄՆ-ի հարաբերությունները Իսրայելի հետ, ոչ էլ թույլ տվեց, որ Պակիստանն ու Հնդկաստանը թելադրեն մյուսների հետ իր կապերը, այնպես էլ Ադրբեջանը չպետք է թելադրի Իսրայելի հարաբերությունները Հայաստանի հետ: 

Այս հարցում կողմնակալ լինելու փոխարեն Իսրայելի նպատակը պետք է լինի բոլոր կողմերի հետ բայրացակամ հարաբերություններ ունենալը: Քանի դեռ Երուսաղեմը անքննադատորեն սատարում է Բաքվին, Իսրայելը ոչ միայն իրեն բարոյական ամոթի կենթարկի, այլև կստեղծի իր սեփական երկարաժամկետ ռազմավարական շահերը քայքայող նախադեպեր:

Թարգմանությունը՝ Լուսինե Դալլաքյանի

Հոդվածի բնօրինակը՝ Israel’s Azerbaijan Mistake