Ռուսաստանը Արցախում ռուսերեն լեզվի կարգավիճակի շուրջ չի բանակցում․ Պեսկով

Ռուսաստանը ողջունում է ռուսերենի կիրառումը այլ երկրներում, բայց դրան պետական լեզվի կարգավիճակ տալու որոշումը այդ երկրների ներքին գործն է․ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՝ մեկնաբանելով ռուսերենը Արցախում պետական լեզու դարձնելու ծրագրերը:

«Ռուսերեն խոսում են, քանի որ հաղորդակցության հարմար լեզու է, այն շարունակում են սովորել։ Բնականաբար, մենք դա ողջունում ենք ամեն կերպ և պատրաստ ենք շարունակել նպաստել ռուսերենի տարածմանը և իմացության մակարդակի պահպանմանը, համարում ենք դա մեր խնդիրը», – ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ ռուսերենին պետական կարգավիճակ հաղորդելը «բանակցությունների և շփումների թեմա չէ, այդ իրավիճակը դե ֆակտո է, երբ ռուսերեն խոսում են և Ադրբեջանում, և Հայաստանում»։

Վերջին օրերին լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվել այն մասին, որ Արցախի Ազգային ժողովը ռուսերենը որպես երկրորդ պետական լեզու հռչակելու օրինագիծ է մշակում։ Այդ լուրը, մասնավորապես, տարածել է WarGonzo տելեգրամի ալիքը։