Հայաստանում աղքատության մակարդակը 2019-ին կազմել է 43,8%՝ ելնելով աղքատության վերին գծից։ Աղքատության վերին գիծը կազմել է 53 043 դրամ։ Աղքատության 2019-ի ցուցանիշը, սակայն, համադրելի չէ նախորդ տարիների տվյալների հետ` պայմանավորված աղքատության չափման մեթոդաբանության փոփոխությամբ։ Եթե նախորդ տարիներին գրանցված աղքատության ցուցանիշների համար կիրառվեր նոր մեթոդաբանությունը՝ կստանայինք, որ 2019-ին աղքատության մակարդակը (ըստ վերին գծի) մի փոքր կնվազեր՝ 2017-ի 47,5%-ից և 2018-ին՝ 45,4%-ից։
Այս տվյալները ներկայացված են Հայաստանի վիճակագրական կոմիտեի «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2020» զեկույցում, որում ամփոփվում են աղքատության մակարդակի գնահատականը և սոցիալական վիճակի ու կենսապայմանների փոփոխությունները 2009-2019 թթ. ժամանակահատվածում:
2019-ի տվյալներով Հայաստանում ծայրահեղ աղքատ է բնակչության 1,4%-ը։ Երևանում ծայրահեղ աղքատ է 1,1%-ը, աղքատ՝ 14,1%-ը։ Գյուղական վայրերում ծայրահեղ աղքատ է բնակչության 2%-ը, աղքատ է 33,2%-ը։
2019-ին աղքատության վերին, ստորին և ծայրահեղ աղքատության գծերը, ինչպես նաև աղքատության միջին գիծը, արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար գնահատվել են` համապատասխանաբար, 53 043 դրամ (110,3 ԱՄՆ դոլար), 35 054 դրամ (72,9 ԱՄՆ դոլար), 23 763 դրամ (49,4 ԱՄՆ դոլար) և 44 048 դրամ (91,7 ԱՄՆ դոլար):
Ընտանիքների բարեկեցությունը չափվում է ոչ միայն սպառման ցուցանիշով, այլ աղքատության սուբյեկտիվ գնահատականով (թե որքան են մարդիկ իրենց համարում աղքատ)։ Ըստ այս ցուցանիշի՝ 2019-ին հարցվածների 13,0%-ն է իրեն համարել է աղքատ՝ հաշվարկված 26,4%-ի համեմատ: Իրեն ծայրահեղ աղքատ է համարել 1,0%-ը, ինչը մոտ է սպառման ցուցանիշով գնահատված ծայրահեղ աղքատության մակարդակին (1,4%):
Ընտանիքների 3,7%-ը նշել է, որ իրենց համար առաջնային խնդիրը սննդի ապահովումն է, 12,1%-ը նշել է առողջության խնդիրը, 15,4%-ը՝ բնակարանի ապահովման հարցը։ Ընտանիքները նշել են, որ շատ լավ ապրելու համար ամսական մեկ անձին անհրաժեշտ է ավելի քան 475 000 դրամ, լավ ապրելու համար՝ մոտ 160 000 դրամ, գոյատևելու համար՝ 67 000 դրամ։
*Ըստ վերին գծի աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին գծից, չափավոր (կամ շատ) աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին գծից, ծայրահեղ աղքատ կամ թերսնված գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից, իսկ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով։