Ասիական բանկը Հայաստանում կանխատեսել է 3,8 % տնտեսական աճ

Ասիական զարգացման բանկը Կենտրոնական Ասիայի ու Կովկասի երկրներում 2012-2013թ.թ. համար կանխատեսել է տնտեսական աճի դանդաղում, ինչը պայմանավորված է եվրոգոտում տնտեսական թույլ պայմաններով և Ռուսաստանում տնտեսական աճի դանդաղումով։ Այսպես` եթե 2011թ. համար տարածաշրջանում կանխատեսվել էր 6,2% տնտեսական աճ, ապա այս տարի այն կկազմի 6,1%, իսկ 2013թ.՝ 6,2%։

ԱԶԲ-ի «Հեռանկար 2012» (Outlook 2012) զեկույցի համաձայն` այս տարի Հայաստանում կարձանագրվի 3,8% տնտեսական աճ, այնքան, որքան կանխատեսել էր Արժույթի միջազգային հիմնադրամը, իսկ 2013թ. համար կանխատեսվել է 4,2%։ 2012թ., ըստ ԱԶԲ-ի, Հայաստանում կարձանագրվի 4,1% գնաճ, իսկ 2013թ-ին՝ 4,5%։

Բանկի կանխատեսմամբ՝ Եվրոպայի տնտեսական թույլ հեռանկարները (Հայաստանի արտահանման 60%-ը բաժին է ընկնում ԵՄ-ին), և դրա ոչ ուղղակի ազդեցությունները Ռուսաստանի վրա (բաժին է ընկնում Հայաստանի մասնավոր փոխանցումների 80%) պարունակում են զգալի ռիսկեր Հայաստանի տնտեսական աճի համար։ Ըստ ԱԶԲ-ի` համաշխարհային շուկայում հումքային ապրանքների պահանջարկի կրճատման հետևանքով հիմնական հումքային ապրանքներին գների նվազումը կարող է վնասել Հայաստանի արտահանումից ստացվող միջոցների ծավալին։

Նշենք, որ Հայաստանի կառավարությունն այս տարվա բյուջեի հիմքում դրել է 4,2% տնտեսական աճ։

Մեկնաբանել