Բեկման անհասկանալի սպասումը. պատերազմի օրագրից՝ մաս 5-րդ

Նոյեմբերի 3-ի երեկոյան կողմ Ստեփանակերտում հարցազրույց վարեցի Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ և շտապեցի վերադառնալ Գորիս: Իմ օպերատորը Լևոն Արշակյանն էր Արցախից, որը մնաց Ստեփանակերտում:

Մոտավորապես հոկտեմբերի 20-ից գրեթե ամեն օր վերադառնում և գիշերում էինք Գորիսում, որովհետև Ստեփանակերտն ու Շուշին գիշեր-ցերեկ անդադար հրթիռակոծվում էին, և անհնար էր քուն առնել: Բացառություն էին ՍիվիլՆեթի օպերատոր Լևոնն ու լրագրող Անժելիկա Զաքարյանը, երկուսն էլ՝ Ստեփանակերտից:

Արտակ Բեգլարյանը և նրա թիմը, ինչպես նաև Արցախի տեղեկատվական կենտրոնի աշխատակիցները տեղավորվել էին Ստեփանակերտի նորակառույց դպրոցներից մեկի ներքնահարկում: Այստեղ էին հավաքվում նաև լրագրողները: Քնելու, աշխատելու և հրթիռներից պաշտպանվելու ամենաապահով վայրն էր: Հոկտեմբերի կեսերից հետո Արցախում քիչ լրագրողներ էին մնացել, հատկապես՝ օտարերկրյա, քանի որ աշխատելը չափազանց վտանգավոր էր դարձել:

Այստեղ չկար պաթոս ու կեղծիք: Այստեղ հավաքվում էր հնարավոր ամբողջական տեղեկատվություն: Այստեղ տեղեկություններ ստանալու և փոխանցելու ամենահարմար վայրն էր: Այստեղ նաև լրագրողների հանդիպման վայրն էր:

Ստեփանակերտից Գորիս վերադարձին, երեկոյան 6-ի կողմերը, ես մեքենայով անցա Շուշիով: Քաղաքը արդեն բավականաչափ վնասված էր՝ շենքերը, ճանապարհները, եկեղեցին: Գրեթե մարդ չէր մնացել: Շուշիից մոտալուտ տագնապի շունչ էր զգացվում:

Հոկտեմբերի վերջերին Արցախի նախագահը ուղերձ էր հղել Ղազանչեցոց եկեղեցուց և բաց տեքստով ասել, որ ադրբեջանական ուժերը լրջագույն ռազմական ռեսուրս են ներդրել Շուշիի ուղղությամբ՝ նպատակ ունենալով ամեն գնով տիրել հայոց հպարտ բերդաքաղաքին, որը հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշն է:

Արցախում գտնվող լրագրողներս հասկանում էինք, որ գործերը շատ վատ են, գրեթե՝ անհուսալի, բայց շարունակում էինք հավատալ, որ գոնե Շուշիի մոտ բեկում կլինի: Չէինք ուզում հավատալ, որ Շուշին կարող է այդքան հեշտությամբ ընկնել:

Երբ քաղաքից դուրս եկա և անցա ձախ կողմում գտնվող էլեկտրակայանը, որտեղից սկսվում էր անվերջ ոլորապտույտը մինչև Բերձոր, ճանապարհի ամբողջ երկարությամբ հարյուրավոր զինվորներ, կամավորներ, պահեստազորայիններ խրամատներ էին փորում: Հասկանալի էր, որ ադրբեջանական ուժերը արդեն մոտեցել են Լիսագորից մինչև Քարինտակ անտառապատ շրջանին:

Բերձոր քաղաքի մատույցներում բլոկ-պոստ էր դրված, որտեղ ստուգում էին բոլոր վարորդներին և ուղևորներին: Սա ևս մի ցուցիչ էր, որ ադրբեջանցիները մոտ են ճանապարհին, չափազանց մոտ: Գուցե նրանք հենց ճանապահից 50 կամ 100 մետր հեռավորության վրա էին արդեն:

Բավականին ուշ էր, երբ հասա Գորիսի Միրհավ հյուրանոց: Սարսափելի գլխացավ էր սկսվել: Կեսգիշերն անց մի կերպ աչք փակեցի: Առավոտյան 5-ի կողմերը գլխացավը դարձավ անտանելի: Ես շտապեցի Գորիսի բժշկական կենտրոն: Խնդրեցի շատ արագ երակից կրկնակի չափաքանակով անալգին-դիմեդրոլ ներարկել: Բուժքույրը, զգալով վիճակս, առաջարկեց մինչև լուսաբաց մնալ ընդունարանի մահճակալին:

Հավանաբար կես ժամ քնել էի, գուցե ավելի քիչ, երբ ինձ արթնացրին և ասացին, որ պետք է ազատեմ տարածքը, քանի որ Շուշիից վիրավորներ են բերում: Չէի հասցրել հագնվել, երբ բերեցին առաջին երեք վիրավորներին: Նրանց վիճակը ծանր չէր, փոքր տրամաչափի հրազենային վնասվածքներ ունեին: Հասկանալի էր, որ Շուշիում և շրջակայքում արդեն մարտեր են ընթանում:

Նոյեմբերի 4-ին պետք է վերադառնայի Ստեփանակերտ, սակայն հայկական կողմը հաղորդեց, որ անվտանգության նկատառումներից ելնելով, փակում են Բերձոր-Շուշի ճանապարհը: Երկու օր անց, երբ Ստեփանակերտ հասա Վարդենիս-Քարվաճառ ճանապարհով, տեղեկացա, որ ադրբեջանցիները դուրս են եկել Լիսագոր և վերահսկողության տակ առել Բերձոր-Շուշի հատվածը: Փաստորեն, ադրբեջանցիները կտրել էին ճանապարհը և ոչ թե հայկական կողմն էր փակել՝ անվտանգության նկատառումներով:

Ակնհայտ դարձավ, որ Շուշիի տակ բեկման հույսն անիրական է, իսկ «Գյոռբագյոռ» օպերացիան՝ ևս մեկ քարոզչական պարզունակ հնարք: Այդ օրերին արդեն Արցախում խոսվում էր, որ ադրբեջանցիները փորձելու են մինչև նոյեմբերի 9-ը՝ ադրբեջանական դրոշի օրը, գրավել Շուշին: Իրականում, ադրբեջանցիները արդեն նոյեմբերի 5-ին Շուշիում և շրջակա անտառներում կենտրոնացրել էին մինչև 6000 կանոնավոր զորք, իսկ հաջորդ օրը՝ նոյեմբերի 6-ին, վերահսկողության տակ առել բերդաքաղաքի կարևոր հատվածները:

Երեք օր անց Նիկոլ Փաշինյանը գրում էր, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են, իսկ նրա քարոզչական թիմն ու իմքայլական պատգամավորները հորդորում էին չհավատալ որևէ մեկի, բացի Արծրունից ու Շուշանից: Արդեն երեք օր Շուշին մեծ մասամբ ադրբեջանական վերահսկողության տակ էր: Նոյեմբերի 7-ին Ստեփանակերտից պարզ տեսնում էի, որ Շուշիից ծխի քուլաներ են բարձրանում, իսկ մայրաքաղաքում մնացած մարդիկ գիտեին, որ բերդաքաղաքն ընկել է, և տագնապով սպասում էին ադրբեջանական հարձակմանը դեպի Ստեփանակերտ: Մայրաքաղաքից արդեն սկսվել էր խուճապային տարհանումը:

Ընդհանրապես, պատերազմի 44 օրերի ընթացքում անդադար խոսվում էր բեկման մասին: Մի կողմից պաշտոնական քարոզչությունը մոլորության ու թմբիրի մեջ էր պահում հայ ժողովրդին՝ բթացնելով նրա զգոնությունը, կերակրում մոտալուտ հաղթանակի անիրական խոստումներով, մյուս կողմից՝ անդադար խոսվում էր սպասվող բեկման մասին: Որտե՞ղից էր գալիս բեկման հույսը, այդպես էլ մնաց անհասկանալի ու անբացատրելի:

Իրականությունն այն էր, որ սեպտեմբերի 27-ից սկսած ադրբեջանական կողմը ճակատի բոլոր հատվածներում ուներ առավելություն, իսկ հարավային ուղղությամբ անդադար առաջ էր շարժվում: Երբ պատերազմի հինգերորդ օրը Արցախի նախագահը մեկնեց առաջնագիծ, սթափ մարդկանց համար հասկանալի դարձավ, որ գործերը վատ են, շատ վատ: Երբ գործերը վատ են, ապա որտե՞ղից էր գալիս բեկման հույսն ու հավատը:

Առնվազն երեք դեպքերում Երևանից իրականացվող պաշտոնական քարոզչությունը անցավ բոլոր սահմանները: Այսօր, հետահայաց, մտածում եմ՝ մենք, լրագրողներս, պե՞տք է ավելի խիզախ գտնվեինք և ուղղակի, այլ ոչ տողատակերով գրեինք, հաղորդեինք ու հասկացնեինք, որ Երևանից եկող պաշտոնական քարոզչությունը ուղղակի կապ չունի իրականության հետ և 10 միլիոն հայությանը թմբիրի ու մոլորության մեջ են պահում:

Առաջին մեծ ապատեղեկատվությունը վերաբերում էր Ջեբրայիլին և Խուդաֆարինին, իբր հայկական ուժերը վերագրավել են քաղաքն ու Արաքսի վրա գտնվող ջրամբարը: Այս կեղծիքին հավատում էին անգամ ամենասթափ մարդիկ: Բայց ինչպե՞ս էր հնարավոր գրավել Ջեբրայիլն ու Խուդաֆերինը, երբ ադրբեջանական ուժերն արդեն տիրում էին Հադրութին ու շրջակա բնակավայրերին և առաջ էին շարժվում Հակարի գետի հոսանքին հակառակ ուղղությամբ՝ դեպի Իշխանաձոր ու Կուբաթլի: Պաշտոնապես հրապարակվող քարտեզները ևս կապ չունեին իրականության հետ ու կրկին մոլորեցնում էին հայ ժողովրդին և ստեղծում մոտալուտ բեկման անիրական պատրանքներ:

Երկրորդ մեծ ապատեղեկատվությունը վերաբերում էր Կուբաթլուին: Պաշտոնապես տարածում էին, թե իբր ադրբեջանական գրոհը կասեցվել ու հետ է մղվել Կուբաթլուի մոտերքում: Դա այն դեպքում, երբ հակառակորդը արդեն հրետանիով հասել էր Աղավնատուն և Գրադով հարվածում էր Բերձորին ու Քարեգահին: Այս ապատեղեկատվությունը ամրապնդվում էր այն իրողությամբ, որ Նիկոլ Փաշինյանը նույն օրը Ազգային հերոսի կոչման է առաջադրել երկու բարձրաստիճան հրամանատարների: Երբ ես անձնական նամակներով իմ ամենասթափ ընկերներին գրում էի, որ պետք չէ հավատալ պաշտոնական տեղեկատվությանը, ճակատի բոլոր հատվածներում և հատկապես Կուբաթլուի ուղղությամբ գործերը ծանր են, ինձ հակադարձում էին՝ ինչպե՞ս, չես տեսնո՞ւմ Նիկոլը Ազգային հերոսի կոչման է արժանացրել…

Երրորդ մեծ ապատեղեկատվությունը վերաբերում էր Շուշիին: Ես անգամ սկսել էի մտածել ու հավատալ, որ ինչպես Շուշիի, այնպես էլ այլ դեպքերում, Նիկոլ Փաշինյանը ստանում է ոչ թե իրական, այլ ցանկալի տեղեկատվություն:

Թաթուլ Հակոբյան

Մեկնաբանել