Ինչ ճանապարհ կա արտահերթ ընտրությունների համար

Այսօր Հայաստանի խորհրդարանական երկու և արտախորհրդարանական երկու տասնյակի հասնող ուժեր առաջարկում են գնալ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների։ Առաջարկի կողմնակիցներից է նաև նախագահ Արմեն Սարգսյանը, որը տարբեր առիթներով, այդ թվում՝ Մոսկվայում ռուսաստանահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը վերահաստատել է իր դիրքորոշումը, թե «Կառավարությունը, որը հանգեցրել է ողբերգության, պետք է գնա»։ 

Նոյեմբերի 9-ից վարչապետի հրաժարականի պահանջով են հանդես գալիս 17 քաղաքական ուժեր, այդ թվում՝ ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն։ Հետագա հանրահավաքների ժամանակ նրանք նաև առաջարկել էին ձևավորել ժամանակավոր կառավարություն ու գնալ խորհրդարանական ընտրությունների։ 

Տեխնիկապես ինչպե՞ս կարող են տեղի ունենալ խորհրդարանական արտահերթ ընտրություններ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար նախ հարկավոր է ռազմական դրությունը վերացնել, քանի որ այս պայմաններում արտահերթ ընտրություններ չեն կարող իրականացվել։ Խորհրդարանը ևս իրավունք չունի վարչապետին անվստահություն հայտնել՝ ազատելով զբաղեցրած պաշտոնից։ Նախկին իշխանության ձեռամբ փոխված Սահմանադրությունը ավելի է խճճում իրավիճակը՝ հենց նախկին իշխանության ներկայացուցիչների համար։ 

Բանն այն է, որ ինչքան էլ երկիրը կառավարի գործադիրի ղեկավարը, վարչապետին անվստահություն հայտնելու կամ նոր վարչապետ ընտրելու, ինչպես նաև արտահերթ ընտրություններ անցկացնելու ողջ գործիքակազմը Ազգային ժողովի, իսկ ավելի կոնկրետ՝ իշխող «Իմ քայլի» ձեռքում է։

Ռազմական դրությունը վերացնելուց հետո կա երկու ճանապարհ.

  • վարչապետը հրաժարական է ներկայացնում,
  • վարչապետին խորհրդարանն անվստահություն է հայտնում։

Ընդդիմադիր ուժերն առաջարկում են ձևավորել ժամանակավոր կառավարություն։ Ավելին, պատրաստվում են ներկայացնել այդ կառավարության ղեկավարի թեկնածուի անունը։

Մի պահ ընդունենք, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացնում։ Տվյալ դեպքում՝ կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Եթե ընդդիմադիրների պահանջով վարչապետ ընտրվի իրենց թեկնածուն, ինչքան էլ իշխող ուժը այդ մոտեցմանը համաձայն լինի, հետագայում կունենանք ճգնաժամային իրավիճակ։ Այս դեպքում կձևավորվի կառավարություն, որը կարող է ամենօրյա անհամաձայնության մեջ գտնվել խորհրդարանի հետ, իսկ Հայաստանի գործող կառավարման համակարգի պարագայում կառավարության ու խորհրդարանի անհամաձայնության դեպքում ճգնաժամն անխուսափելի է։

Մյուս կողմից էլ ընդդիմադիրներն առաջարկում են, որ ժամանակավոր կառավարությունը պետությանը նախապատրաստի խորհրդարանական արտահերթ ընտրությունների։ Այս հանգամանքն անհասկանալի է՝ ելնելով այն փաստից, որ վարչապետի հրաժարականից հետո գործող խորհրդարանն ինքն էլ կարող է երկիրը տանել արտահերթ ընտրությունների ճանապարհով։ Նման նախադեպ ունեցանք 2018-ի ապրիլ-մայիս ամիսների իշխանափոխությունից հետո։ Տվյալ դեպքում, խորհրդարանը երկու անգամ չի ընտրում վարչապետ, որից հետո արձակվում է։

Ինչպես եռակողմ հայտարարության փոփոխության, այնպես էլ վարչապետի հրաժարականի և դրան հետևող իրավական լուծումների հարցում, ընդդիմադիրները հանրության հետ մինչև վերջ անկեղծ չեն։ Թերևս սա է պատճառներից մեկը, որ պատերազմում նման պարտությունից հետո նրանց քաղաքական պահանջին միացող քաղաքացիներն այնքան չեն, որքան երկրում առկա դժգոհության իրական մակարդակն է։ Իսկ այդ ուժերին մնում է միայն աշխատանքային օրվա ավարտից հետո Նիկոլի 2018-ի մեթոդներով պայքարել Նիկոլի դեմ՝ փակելով մեկ կամ երկու փողոց։ 

Մյուս կողմից էլ «ստեղծված վիճակի թիվ մեկ պատասխանատուն»՝ Նիկոլ Փաշինյանը, առաջիկայում հրաժարականի մտադրություն չունի, համենայն դեպս իր հրապարակած 6-ամսյա գործողությունների ճանապարհային քարտեզում ոչ դրա, ոչ էլ խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին խոսք չկա։