Լատվիան շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնմամբ

ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն այսօր` ապրիլի 12-ին, ընդունել է Հայաստանում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գինտս Ապալսին: Ինչպես տեղեկացնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել երկկողմ  աշխույժ կապերին, կարեւորվել է դրանց հետագա ակտիվացումն ու փոխգործակցության ոլորտների ընդլայնումը: Սամվել Նիկոյանի խոսքով` հայ-լատվիական հարաբերությունների մեջ առանձնահատուկ տեղ է վերապահվում խորհրդարանական կապերին,  եւ կարեւոր է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը: 

Իր հերթին` դեսպան Գինտս Ապալսը տեղեկացրել է, որ իրենց խորհրդարանում  ձեւավորվել է Լատվիա-Հայաստան բազմամարդ պատգամավորական բարեկամության խումբ, որն իր անդամների թվով` 30 պատգամավոր, ամենամեծն է եղածների մեջ: Սա, նրա խոսքով,  լավ վկայություն է միմյանց նկատմամբ ունեցած հարգանքի ու հետաքրքրության, հարաբերություններն էլ ավելի խորացնելու պատրաստակամության: Ըստ դեսպանի` Լատվիան շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնմամբ բոլոր` ինչպես միջխորհրդարանական, այնպես էլ  քաղաքական, տնտեսության, գիտության, մշակույթի, այլ  ասպարեզներում: