17 քաղաքական ուժերի վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր 17 քաղաքական ուժերի վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է: Այս մասին այսօր լրագրողնրի հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա հայտարարել է, որ Մանուկյանի թեկնածությունը հաստատվել է ընդդիմադիր 17 ուժերի հրավիրած խորհրդի նիստում: «Խորհուրդը որոշում է կայացրել ստեղծել «Հայրենիքի փրկության» ազգային շարժում, ընդլայնել կազմը: Այսօր գումարվեց «Հայրենիքի փրկության» շարժման խորհրդի նիստ, որը որոշում կայացվեց, որ միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն»,- ասել է Սաղաթելյանը:

Նա նաև հայտնել է, որ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 5-ին, հրավիրել են հանրահավաք, որտեղ Վազգեն Մանուկայնը հանդես կգա ելույթով:

Սաղաթելյանը վստահ է, որ Փաշինյանը ստիպված է լինելու հեռանալ վարչապետի պաշտոնից: «Այլ տարբերակ ուղղակի չկա»,- նշել է նա ու ներկայացրել Փաշինյանի հեռացման և նոր վարչապետ ընտրելու ճանապարհը:

«Ճանապարհը հետևյալն է։ Պետք է տեղի ունենա ԱԺ նիստ, որտեղ քննարկվի Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությունը։ Հասարակական ճնշման տակ քաղաքական մեծամասնությունը պետք է գնա այդ տարբերակին։ Ով այսօր կողմ է Փաշինյանի իշխանության մնալուն, ինքն ուրեմն Նիկոլի հետ հավասար կիսում է այս ամբողջ պատասխանատվությունը»,- ասել է նա։

Խորհրդի նիստին մասնակցած ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն էլ հայտնել է, որ վարչապետ ընտրվելու դեպքում Վազգեն Մանուկյանը կասեցնելու է կուսակցական գործունեությունը, լինելու է ապակուսակցական:

«Նա որոշակի ժամանակ անց պարտավորվելու է անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որին ինքը չի մասնակցելու և չի աջակցելու որևէ քաղաքական ուժի»,- ասել է Վանեցյանը: Նրա խոսքով՝ արտահերթ ընտրությունների ժամկետները շուտով հայտարարության մեջ կնշեն:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել