Ինչ է կատարվում Սոթքի հանքավայրում, և որտեղ են դիրքավորվել ադրբեջանցի զինծառայողները

Սոթքի ոսկու հանքավայի խնդիրը դեռևս լուծված չէ։ Այս տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց Գեղամասար համայնքի (կենտրոն՝ Սոթք) ղեկավար Հակոբ Ավետյանը։ Նա հայտնեց, որ այս պահին հանքավայրի տարածքում դիրքավորված են նաև ադրբեջանական ուժեր։ Հանքի աշխատակիցներից ոմանք ՍիվիլՆեթին տեղեկացրին, որ այս պահին հանքից հումքը դուրս չի բերվում։

Դեկտեմբերի 2-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակեց հանքավայրի տարածքից մի տեսանյութ, որում երևում է նաև ծանր տեխնիկա, ինչպես նաև հանքավայրի բժշկական կետը։ 

«Նրանք նկարում են, տեղադրում, դա իրենց համար քարոզչական նշանակություն լինի։ Բայց այս իրավիճակը կարող է փոխվել, նրանք կարող են հետ գնալ, երբ հստակ ֆիքսվի սահմանը»,- ասաց Հակոբ Ավետյանը։

Հետաքրքրվեցինք, թե ինչ վիճակ է համայնքում, նա հաղորդեց, որ լարվածություն չկա, համայնքի կյանքը շարունակվում է բնականոն հունով։

ՍիվիլՆեթն ուսումնասիրեց Ադրբեջանի ՊՆ տեսանյութը։ Նախ դրանից պարզ է դառնում, որ ադրբեջանցիները հանքավայրի աշխատակիցների համար անսպասելի են մուտք գործել տարածք, քանի որ հանքի աշխատողները չեն հասցրել հեռացնել ծանր տեխնիկան։

Ադրբեջանի ՊՆ տեսանյութի և արբանյակային լուսանկարի միջոցով պարզել ենք, թե որտեղ են իրականացվել նկարահանումներն ու որտեղ են դիրքավորվել ադրբեջանցիները։

Նոյեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները մուտք են գործել Գեղարքունիքի մարզում՝ Հայաստանի և Արցախի նախկին Քարվաճառ շրջանի սահմանի մեջտեղում գտնվող Սոթքի ոսկու հանքավայր։ 

Պաշտպանության նախարարությունը պարզաբանեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացվել են սահմանազատման աշխատանքներ՝ հատուկ միջոցների (GPS) կիրառմամբ։ Նոյեմբերի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձավ թեմային, ասաց, որ հանքավայրը «կիսով չափ գտնվել է Խորհրդային Հայաստանի, կիսով չափ՝ Խորհրդային Ադրբեջանի տարածքում»:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը, որն ի դեպ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում արժանացել է «Ազգային հերոսի» կոչմանը, նոյեմբերի 26-ին որոշ մանրամասներ ներկայացրեց՝ հայտնելով, որ հանքը կիսով չափ կանցնի ադրբեջանական կողմին։ Խաչատրյանը նաև ցուցադրեց սահմանազատման հատվածը։ Եթե սահմանները չփոխվեն, ապա ինչպես ստորև բերված լուսանկարում է ներկայացված, Ադրբեջանին կանցնի հանքի զգալի մասն, ինչպես նաև պահեստներն ու հանքախորշեր տանող ճանապարհային հանգույցները։ Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը հույս հայտնեց, որ «խնդիրը կլուծվի հօգուտ հայկական կողմի, և ադրբեջանցիները դուրս կգան հանքավայրից»։ 

Սոթքի ոսկու հանքավայրը շահագործում է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը։ Համաձայն 2020-ի հունվար-սեպտեմբեր ամիսների առաջին 1 000 խոշոր հարկատուների ցանկի, որը ներկայացնում է Պետական եկամուտների կոմիտեն, այն չորրորդն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից հետո։ Այս ոսկու հանքը միայն 2020-ին վճարել է ավելի քան 16 մլրդ դրամի հարկ։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տվյալներից էլ պարզ է դառնում, որ 2020-ի հոկտեմբերին հանքն ունեցել է 1 654 աշխատող։

Կարդացեք նաև՝ Սոթքի ոսկու հանքավայրը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև

Լուսանկարը՝ «Հետք»-ի տեսանյութից