Թուրքիայի հարցում Հայաստանը աններելի սխալ է թույլ տվել

2020 թվականի մարտին Հայաստանի պետական շրջանակները արդեն տեղեկություններ էին ստանում Ադրբեջանի կողմից նախապատրաստվող հարձակման մասին:

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հունիսի 12-ին վարչապետին, իսկ մի քանի օր անց` նաև անվտանգության խորհրդին, ներկայացնում է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և հայկական զինուժի կարողությունները: Գասպարյանը զեկուցում է, որ Հայաստանի «հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան, իսկ այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն»:

Այս պայմաններում ի՞նչ պետք է աներ պատասխանատու իշխանությունը: Թեև Երևանի և Անկարայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, սակայն կային ու կան դիվանագիտական ու այլ խողովակներ, որոնց միջոցով հնարավոր էր փորձել շփման մեջ մտնել Թուրքիայի հետ: Շատ բարդ է խոսել Թուրքիայի, հատկապես Էրդողանի նման առաջնորդի հետ: Բայց փորձել պետք էր ամեն դեպքում: Միջնորդներ կարող էին լինել Պոլսո հայոց գործող ու նախկին պատրիարքները: Գուցե պետք էր փորձել օգտվել և խնդրել մեր բարեկամ այն պետությունների միջնորդությունը, որոնց առաջնորդները կարող էին լեզու գտնել Էրդողանի հետ:

Հավանաբար մեծ էր հավանականությունը, որ ոչինչ էլ չի ստացվի: Բայց մենք ոչ միայն դիվանագիտական ճիգ չենք թափել այդ ուղղությամբ, այլ հրապարակային հայտարարություններով ավելի ենք գրգռել Էրդողանին ու Թուրքիային, որի դիմաց ոչինչ չենք ստացել:

Օգոստոսի 10-ին Նիկոլ Փաշինյանը հրապարակային ողջույն հղեց Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովի մասնակիցներին և խորին երախտագիտություն հայտնեց այդ «կարևորագույն միջոցառումը նախաձեռնելու համար»:

Սևրը պատմական հայկական չիրականացված երազանք է, բայց երբ երկրի թիվ մեկ դեմքը այն օգտագործում է հակառակորդի վրա ազդելու նպատակով, ապա դա Թուրքիայում այլ ընկալում է ստանում:

Սևրի 100-ամյակի օրերին նախագահ Արմեն Սարգսյանը սիրիական թերթերից մեկի հետ զրույցում անդրադարձավ այդ փաստաթղթին՝ պնդելով, որ «Սևրի պայմանագիրն օրինական, միջպետական, նաև de facto գործող փաստաթուղթ է»:

Ավելի վաղ՝ հուլիսի 21-ին, «France 24»-ի հետ զրույցում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը անդրադարձել էր «Թուրքիայի ապակայունացնող դերին իր հարևանությունում՝ Արևելյան Միջերկրական, Հյուսիսային Աֆրիկա, Մերձավոր Արևելք»:

Օգոստոսի 15-ին Հայաստանի ԱԳՆ-ն տարածեց հայտարարություն՝ նշելով, որ Երևանը «ուշադիր հետևում է Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողությունների հետևանքով Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին և նավատորմային մոբիլիզացիային: Արևելյան Միջերկրականում այս ապակայունացնող կեցվածքն ի ցույց է դնում Թուրքիայի՝ իր հարևան տարածաշրջաններում հետևողականորեն վարվող ագրեսիվ և ծավալապաշտական քաղաքականությունը»:

Հայաստանը անվերապահ աջակցություն և համերաշխություն հայտնեց Հունաստանին և Կիպրոսին՝ Թուրքիային կոչ անելով քայլեր ձեռնարկելու լարվածության նվազեցման ուղղությամբ, հարգելու միջազգային իրավունքը և դադարեցնելու Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտիներում բոլոր գործողությունները:

Սեպտեմբերի կեսերին Զոհրաբ Մնացականյանը Եգիպտոսում անդրադարձավ Կովկասում և Արևելյան Միջերկրականում Թուրքիայի վարքագծին՝ շեշտելով, որ հուլիսին՝ Տավուշի իրադարձությունների ժամանակ, Թուրքիան «միակ երկիրն էր, որը հանդես եկավ միակողմանի և շատ ագրեսիվ մոտեցմամբ. միակողմանի աջակցություն Ադրբեջանին, ագրեսիվ մոտեցում հասցեագրված Հայաստանին և հայ ժողովրդին, որն արտահայտվեց և՛ հռետորաբանությամբ բոլոր մակարդակներում, և՛ գործողություններով»:

Արաբական լրատվամիջոցների հետ զրույցում Մնացականյանը անդրադառնում էր Հարավային Կովկասի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Միջերկրականի անվտանգության վրա Թուրքիայի վարքագծին, Անկարայի ապակայունացնող քաղաքականությանը այդ տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումներին:

Ի՞նչ տվեցին վարչապետ Փաշինյանի, նախագահ Սարգսյանի և արտգործնախարար Մնացականյանի հայտարարությունները: Ոչինչ: Ավելին, մենք նման հայտարարություններով մեր կողմից գրգռեցինք մեր երկրի համար ամենավտանգավոր հարևանին՝ Թուրքիային, փակեցինք 44-օրյա պատերազմում Թուրքիայի հետ անուղղակի կերպով շփման մեջ մտնելու և գուցե մի քանի կյանքեր փրկելու նվազագույն հնարավորությունը:

Մեկնաբանել