Ֆրանսիայի Ազգային ժողովը ԼՂ ճանաչման անհրաժեշտությունն ընդգծող բանաձև է ընդունել

Ֆրանսիայի Ազգային ժողովն այսօր՝ Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշումից մեկ շաբաթ անց, 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունել է բանաձև, որտեղ ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը։

«Բանաձևում նաև արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղակայման փաստերը»,- հայտնում է դեսպանությունը։ 

Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը որոշում էր կայացրել՝ ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը, որը ներկայացվել էր Սենատի հինգ քաղաքական խմբակցությունների կողմից։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը նշել էր, որ Փարիզի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը օգուտ չի բերի ո՛չ Հայաստանին, ո՛չ Ղարաբաղի բնակչությանը, ո՛չ էլ Ֆրանսիային։