Ադրբեջանի օկուպացրած տարածքներում հայերը ենթարկվել են էթնիկ զտումների․ ԱԳ նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է նախարար Արա Այվազյանի ելույթը ԵԱՀԿ նախարարական խորհրդի 27-րդ հանդիպմանը։ Ելույթի հիմնական մտքերը ներկայացնում ենք ստորև։

Նախարարը նշել է, որ Ադրբեջանի և իր դաշնակիցների գործողությունները նոր վտանգավոր նախադեպ են ստեղծել ԵԱՀԿ պատասխանատվության գոտում հակամարտային իրավիճակների հասցեագրման առումով:

«Առաջինը Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և ջիհադիստների հավաքագրումը, տեղափոխումը և տեղակայումն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչը օտարերկրյա զինյալ ահաբեկչության երևույթի դեմ պայքարի ԵԱՀԿ հանձնառությունների կոպիտ խախտում է։ Սա առաջին դեպքն է, երբ ԵԱՀԿ պատասխանատվության գոտում առկա հակամարտության համատեքստում ԵԱՀԿ երկու մասնակից պետություն իրենց զինված ուժերը համալրելու նպատակով տեղակայում են զինյալ ահաբեկիչներ և ջիհադիստներ. փաստ, որն արձանագրվել է ոչ միայն ԵԱՀԿ մասնակից պետություններից շատերի, այլև ՄԱԿ համապատասխան կառույցի կողմից:

Երկրորդ, Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան մեծապես հրահրվել և քաղաքական ու ռազմական աջակցություն է վայելել Թուրքիայի ղեկավարության կողմից՝ ի ցույց դնելով Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները Հարավային Կովկասում և անդին:

Երրորդ, Ադրբեջանն ու իր դաշնակիցները սանձազերծեցին պատերազմ Արցախի դեմ՝ կեղծորեն պնդելով ուժի կիրառման օրինականության վրա, ինչը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է: Ավելին, Ադրբեջանը և Թուրքիան այժմ պնդում են, որ ուժի կիրառման, ագրեսիայի և պատերազմի, միջազգային իրավունքի և միջազգային հումանիտար իրավունքի լայնամասշտաբ խախտումների, պատերազմական հանցագործությունների և էթնիկ զտումների հետևանքով ստեղծված իրավիճակը պետք է համարվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծում։ Խստորեն դատապարտում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ ուժի կիրառումը և չենք ընդունելու Արցախի ժողովրդին իր իրավունքներից զրկելու որևէ փորձ:

Չնայած այսօր էլ հնչեցված հավաստիացումներին՝ Արցախի՝ Ադրբեջանի կողմից վերջերս օկուպացված տարածքներում հայերը ենթարկվել են էթնիկ զտումների, իսկ այն սակավաթիվները, ովքեր մնացել են՝ սպանվել կամ խոշտանգվել և վտարվել են իրենց պատմական հայրենիքից ադրբեջանական զինված ուժերի կողմից: Այս իրողությունը հստակորեն վկայում է, որ Արցախի հայերը չեն կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո»,- ընդգծել է Այվազյանը:

Արա Այվազյանը նշել է, որ հակամարտության՝ տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությանն ուղղված լուծումն ընդգրկում է Արցախի կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, Արցախի ժողովրդի անվտանգությունը, Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիան, վերջերս տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց բնակավայրեր, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը:

««Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով ռազմագերիների և այլ պատանդների անհապաղ և անվերապահ փոխանակումը, աճյունների վերադարձը պետք է իրականացվեն առանց որևէ հապաղման:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի հանգեցնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական քաղաքական և տևական կարգավորմանը: Միայն քաղաքական և բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, կարող է խաղաղություն և հաշտություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջան։

Մենք նաև համակարծիք ենք, որ բոլոր օտարերկրյա վարձկանները, որոնք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են բերվել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, պետք է ամբողջությամբ և անհապաղ դուրս բերվեն տարածաշրջանից»,- ասել է նա։

Մեկնաբանել