Թուրքիայի և Իրանի նախագահները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։

Թուրքական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ նախագահներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակին և ընդգծել, որ հակամարտության հետ կապված «նոր ժամանակաշրջան է սկսվել»։

Էրդողանը նշել է, որ չափազանց կարևոր է «խուսափել ցանկացած գործողությունից, որը կստվերի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։

Էրդողանի խոսքով՝ «տևական խաղաղության և կայունության հաստատումը հնարավորությունների նոր պատուհան կբացի, որից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները՝ ներառյալ Հայաստանը»։

Դեկտեմբերի 3-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նույնպես խոսել էր տարածաշրջանային խաղաղության մասին՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը «կարող է դրականորեն ազդել Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների վրա»։