Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը կկանչվի ԱԳՆ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած բանաձևի հետ կապված։
«[Ֆրանսիայի] Ազգային ժողովի կողմից անհիմն և կողմնակալ բանաձևի ընդունման հետ կապված ՝ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կկանչվի ԱԳՆ, և հակառակ կողմի ուշադրությանը կհասցվի ադրբեջանական կողմի վճռական բողոքը», – ասված է Ադրբեջանի արտգործնախարարության մեկնաբանության մեջ:
Բաքուն բանաձևի ընդունումը որակել է որպես Ֆրանսիայի խորհրդարանի հերթական «անբարյացակամ ու սադրիչ քայլը»:
«Սենատից հետո խորհրդարանի ստորին պալատի կողմից կողմնակալ բանաձևի ընդունումը վկայում է Ադրբեջանի դեմ երկարատև արշավի մասին», – հավելել է նախարարությունը:
Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատը պատմական որոշում է կայացրել՝ ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը, որը ներկայացվել էր Սենատի 5 քաղաքական խմբակցությունների կողմից։
Նոյեմբերի 26-ին Ադրբեջանի խորհրդարանն առաջարկել է կառավարությանը դիմել ԵԱՀԿ՝ Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահությունից հեռացնելու պահանջով։ Ադրբեջանի Միլլի մեջլիսը բողոք է հղել Սենատին և կոչ արել վերանայել քաղաքական և տնտեսական հարաբերությունները Ֆրանսիայի հետ։
Դեկտեմբերի 3-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունել է բանաձև, որտեղ ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։