Գերեվարված բոլոր անձինք, այդ թվում՝ պատերազմից առաջ, պետք է փոխանակվեն․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 5-ին հանդես է եկել ուղերձով։ Նա անդրադարձել է նաև գերիների և անհայտ կորածների հարցին։ Վարչապետի խոսքով՝ համաձայնեցված է սկզբունք, որ բոլորը պետք է փոխանակվեն, այդ թվում՝ պատերազմից առաջ գերեվարված անձինք։

«Կարևորագույն խնդիր է մեր գերեվարված հայրենակիցների վերադարձը։ Այստեղ որոշակի առաջընթաց ունենք, և ըստ էության, համաձայնեցված է սկզբունքը, որ բոլորը պետք է փոխանակվեն բոլորի հետ։ Ընդ որում, ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլ նաև պատերազմից առաջ հայկական և ադրբեջանական կողմերում հայտնած անձինք պետք է վերադարձվեն։ Ու հիմա մեր խնդիրն է գործել այնպես, որ ոչ միայն վերադարձնենք պաշտոնապես հաստատված գերիներին, այլ նաև մեխանիզմներ ստեղծենք, որ եթե հետագայում կպարզվեն այլ անուններ եւս, նրանց վերադարձի հետ կապված խնդիրներ չծագեն»,- նշել է նա։

Փաշինյանը հայտնել է, որ այժմ կատարվում է Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներից մարմինների դուրսբերում և Հայաստանում գտնվող նահատակների անճանաչելի մարմինների ճանաչում։

«Նոյեմբերի իննից հետո մեզ հաջողվել է դուրս բերել ավելի քան 600 մարմին, ավելի քան 500 մարմին այս պահին ճանաչման փուլում է։ Մեծ հավանականությամբ, ցավոք, այս մարմինները անհետ կորած համարվող մեր եղբայրների մարմիններն են։ Հիմա կատարվում է նարնց ճանաչման գործընթցը․ մարմնից վերցվում է ԴՆԹ նմուշ, որը համեմատվում է հարազատից վերցված նմուշի հետ»,- ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ գործընթացը բավականին ժամանակատար է, և նոյեմբերի իննից  նույնականացվել ու հարազատներին է հանձնվել 135 մարմին։

***

2019-ի տարեվերջին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Հայաստանը հրաժարվել էր գերիների փոխանակումից՝ «բոլորի բոլորի դիմաց» սկզբունքով։ Ադրբեջանը շահագրգռված էր դիվերսանտներ Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին փոխանակել ադրբեջանական կողմում հայտնված քաղաքացի Կարեն Ղազարյանի և Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող Արայիկ Ղազարյանի հետ։

Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, ունենալով զենք ու զինամթերք, 2014-ի հունիսի 29-ին հետախուզական գործողությունների նպատակով ապօրինաբար հատել էին ԼՂ սահմանը և ներխուժել Շահումյանի շրջանի տարածք: Դիլհամ Ասկերովը ԼՂՀ դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման, Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման՝ դեռահասի սպանության, ԼՂՀ սահմանի ապօրինի հատման, լրտեսության մեղադրանքներով։