Մուրադովն Ադրբեջանում հանդիպել է հայ ռազմագերիների հետ

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովն Ադրբեջանում հանդիպել է որոշ հայ ռազմագերիների հետ․ այս մասին հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ըստ նրա՝ «Ադրբեջանն այս պահի դրությամբ հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ, քան մեր անառարկելի ապացույցներն են ցույց տալիս»։

Դեկտեմբերի 5-ի երեկոյան ֆեյսբուքյան իր էջում Հարությունյանն արել է հետևյալ գրառումը․

«Այսօր կրկին հանդիպել եմ անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների և խաղաղ բնակիչների մի խումբ հարազատների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը: Ես իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնել գեներալ Մուրադովին, որն անձամբ այցելել է Ադրբեջան, տեղում հանդիպել մեր որոշ ռազմագերիների հետ և նրանց անուն-ազգանունները տրամադրել մեզ, իսկ նրանց ողջ լինելու մասին հաստատված տեղեկությունն այս պահին փոխանցվում է հարազատներին:

Նշեմ, որ Ադրբեջանն այս պահի դրությամբ հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ, քան մեր անառարկելի ապացույցներն են ցույց տալիս: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ շարունակելու ենք սկսված աշխատանքները բոլոր գերեվարված անձանց և զոհվածների մարմինները գտնելու ու հնարավորինս շուտ վերադարձնելու ուղղությամբ»:

Ուրբաթ հաղորդվել էր,  որ Հայաստանը և Ադրբեջանը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։