Ֆեյսբուքում արցախցիների նկատմամբ բռնության կոչեր հնչեցրած անձը ձերբակալվել է

Ձերբակալվել է սոցիալական ցանցում արցախցիների, մի քանի քաղաքական գործիչների նկատմամբ բռնության կոչեր հնչեցրած անձը․ այս մասին հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազության խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«2020թ. նոյեմբերի 13-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկի էջին հրապարակվել էր տեսաուղերձ, որտեղ ավտոմեքենայի սրահում գտնվող չորս անձանցից առջևի ձախ նստատեղին նստած անձը քաղաքական առանձին ուժերի ներկայացուցիչների, ինչպես նաև արցախցիների նկատմամբ հնչեցնում է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր՝ դրանք զուգակցելով վերջիններիս հասցեին վիրավորական արտահայտություններով:

Այդ տեսաուղերձն արձանագրվել էր ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի մշտադիտարկմամբ, բացի այդ դրա վերաբերյալ ստացվել էին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված մի շարք, այդ թվում՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի կողմից դիմումներ»,- գրել է Աբրահամյանը:

Ձերբակալվել է սոցիալական ցանցում արցախցիների, մի քանի քաղաքական գործիչների նկատմամբ բռնության կոչեր հնչեցրած…

Posted by Gor Abrahamyan on Saturday, December 5, 2020

«Դատախազությունը կոչ է անում քաղաքացիներին առհասարակ, և հատկապես վերջին շրջանում հանրապետությունում առկա հանրային լարվածության մթնոլորում, ձեռնպահ մնալ հանրային պառակտման տանելուն, բռնությունները որպես հասարարական հարաբերությունների վրա ազդելու միջոց կիրառելուն, ինչպես նաև ժողովրդին հատվածականացնելուն, վերջինիս մի մասին պիտակավորելուն, վիրավորելուն, նրանց նկատմամբ ատելություն սերմանելուն ուղղված անընդունելի և խիստ վտանգավոր վարքագծից: Նման երևույթներն արժանանալու են խիստ իրավական գնահատականների»,- Ֆեյսբուքում գրել է գլխավոր դախազության խոսնակը: