Արա Այվազյանն աշխատանքային այցով Մոսկվայում է

Դեկտեմբերի 6-7-ը Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը աշխատանքային այցով Մոսկվայում է։

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության ամբողջ շրջանակը, ուսումնասիրվելու է Ռուսաստանի և Հայաստանի ԱԳՆ-ների միջև 2020-21թթ․ խորհրդակցությունների իրագործման ընթացքը։

Առանցքային թեմաներից մեկը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման գործնական ասպեկտներն են, մարդասիրական գործակցության, ենթակառուցվածքների վերականգնման, տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման քննարկումը։

Ռուսաստանի ԱԳՆ-ն հիշեցնում է, որ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանդիպել են 2020թ․ փետրվարի 25-ին Ժնևում, հոկտեմբերի 9-ին և 12-ին՝ Մոսկվայում։ Այս տարվա նոյեմբերի 21-ին Երևանում անցկացվել է Լավրովի և Այվազյանի հանդիպումը։ Ընթացիկ տարում ԱԳ նախարարների միջև կայացել է 18 հեռախոսազրույց։

ՌԴ ԱԳՆ-ն նաև տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է ռուս խաղաղապահների հետ գործակցության հարցը։