Նախաքննական (չ)գաղտնիքը՝ վարչապետի ու լրագրողների համար

Մեզանում խախտվել են «նախաքննական գաղտնիքի» սահմանները։ Այն, ինչ թույլատրվում է հանրային կերպով ասել գործադիրի անդամներին, չի կարելի լրագրողներին, այլ կերպ ասած՝ օրենքների հայեցողական մեկնաբանման հետ խնդիր ունենք, որն օր օրի ավելի է խորանում։

Տեղեկատվության տրամադրման հերթական մերժումը ստացա, այս անգամ՝ Ազգային անվտանգության ծառայությունից։ Պատճառաբանեցին՝ ուղղված հարցերը «պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»։ Հարցումը վերաբերում էր «42 մլն դոլար անպիտան զենքի» թեմային։

Նոյեմբերի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադաձավ, իր խոսքով, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի «ժամանակներում 42 միլիոն դոլար մսխելու» դեպքին։ Նա հայտնեց, որ քրեական գործը հարուցվել է ԱԱԾ-ում։

Դեկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց թեմայից, այս անգամ, այն շեշտադրումներով, ասես՝ դատավճիռն ուժի մեջ է մտել ու ինքն էլ դա հրապարակում է։

«Մեզ մեղադրում են, թե ինչո՞ւ օդը չփակեցիք, կամ ինչո՞ւ օդը փակ չէր: Օդը չակերտավոր փակ էր, պարոնայք և տիկնայք, որովհետև 2017 թվականին հայոց բանակի համար 42 միլիոն դոլարով, 42 միլիոն դոլարով ձեռք էին բերվել սարքեր, որոնցով օդը փակվել էր, պիտի փակված համարվեր: Բայց՝ ավելի ուշ պարզվեց, որ այդ սարքերը չեն աշխատում պարզապես։ Չեն աշխատում ուղղակի: Բայց գնվել են 42 միլիոն դոլարով: Այս գնման համահեղինակը իբր սենսացիոն բացահայտում է անում. ասում է՝ Սու 30-ների համար ինձ ժամանակին ատկատ են առաջարկել, բայց ես հրաժարվել եմ գործարքից»։ 

Ուշադրություն դարձրեք հետևյալ մտքին՝ «պարզվեց, որ այդ սարքերը չեն աշխատում»։ Ինչպե՞ս ու ո՞վ պարզեց, ո՞ւր է ուժի մեջ մտած դատավճիռը, գոնե՝ նախաքննական մարմնի որոշումը։ Սա մի իրականություն է, որում գործում է վարչապետը, մենք բախվում ենք մեկ այլ իրականության հետ, երբ պաշտոնական նամակներով դիմում ենք քննչական մարմիններին։

ԱԱԾ-ից հետաքրքրվել էինք, թե որ փուլում է գտնվում նախաքննությունը, արդյոք Մովսես Հակոբյանն ունի՞ որևէ կարգավիճակ, ի՞նչ դրվագների մասին է խոսել վարչապետը և այլն։ Բոլոր ուղղված հարցերը մնացել են անպատասխան՝ պատճառաբանությամբ, որ «քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում»։ 

Թե ինչ կլինի նախաքննության ճակատագիրը՝ դա այլ հարց է։ Այն դեռ պետք է հաստատվի կամ մերժվի ԱԱԾ-ի կողմից, հետո դատախազական վերահսկողության ենթարկվի, հետո գնա առաջին ատյանի դատարան, դատարանում քննվի, վճիռ կայացվի, որն էլ կարող է և բողոքարկվել ու այսպես գնալ մինչև Վճռաբեկ դատարան, հետո՝ ինչու չէ նաև Սահմանադրական դատարան կամ ՄԻԵԴ։ Ամբողջ այս գործընթացի մեկնարկին վարչապետն արդեն «կայացրել է մեղադրական դատավճիռ», այդ մասին հայտարարել հրապարակային, մինչդեռ ԱԱԾ-ն որևէ տեղեկություն չի տրամադրում հարցումով դիմող լրագրողին, քանի որ վարչապետի դեպքում՝ «դատավճիռն արդեն ուժի մեջ է մտել», լրագրողների համար՝ «դեռևս նախաքննություն է ընթանում»։

Ստացվում է՝ նախաքննության գաղտնիքը թղթի վրա հստակ է ու պարզ, իրականությունում՝ ընտրովի։