Արցախ․ միլիոնավոր դոլարների ենթակառույցներ, որ մնացել են մյուս կողմում

Արցախյան վերջին պատերազմն ահռելի վնասներ է պատճառել Արցախի ենթակառուցվածքներին՝ հաղորդակցությունից մինչ գյուղատնտեսություն, փոքր բիզնեսներից մինչ խոշոր ձեռնարկություններ։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով տարիներ շարունակ իրականացվել են խոշոր նախագծեր։ Միլիոնավոր դոլարներ են ծախսվել ենթակառուցվածքների հիմնման կամ վերանորոգման վրա, որոնցից շատերն այժմ անցել են ադրբեջանական վերահսկողության տակ։ Թեև ընդհանրական վնասի ծավալ պաշտոնապես ու ամբողջական ներկայացված չէ, Սիվիլնեթը հաշվարկել է ամենախոշոր ենթակառուցվածքային ծրագրերի կրած վնասը։

Վարդենիս – Մարտակերտ ավտոճանապարհ

2017-ին շահագործման հանձնվեց Վարդենիս – Մարտակերտ ավտոմայրուղին, որի կառուցումն իրականացվել էր Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով։ Այս ճանապարհը ռազմավարական նշանակություն ուներ Արցախի ու Հայաստանի համար։

Ճանապարհն ավելի որակյալ էր, քան Գորիս-Բերձոր ճանապարհը ու մոտ 1,5 ժամով կրճատում էր Երևան-Ստեփանակերտ ճանապարհի տևողությունը։ Ծրագրի ընդհանուր արժեքը, ըստ հիմնադրամի, կազմել էր մոտ 17 մլրդ դրամ, որից 7,5 միլիարդ դրամը հատկացրել է Հայաստանի կառավարությունը, մոտ 2 միլիարդ էլ՝ Լեռնային Ղարաբաղի կառավարությունը: 2013 և 2014 թթ. հիմնադրամի հավաքագրած միջոցներն ուղղվել էին հենց այս ծրագրին։ Սա հիմնադրամի 25 տարվա գործունեության ընթացքում իրականացրած ամենախոշոր ծրագիրն էր:

Նշենք, որ կառուցված ճանապարհի մի մասը՝ նախկին ԼՂԻՄ հյուսիսային սահմանից մինչև Մարտակերտ, մնացել է հայկական վերահսկողության ներքո։ Խոսքը Դադիվանքից Մարտակերտ ընկած ճանապարհի մասին է՝ 69 կիլոմետրով։

Թալիշի վերականգնում

2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ամենատուժած համայնքներից էր Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղը․ հարյուրավոր թալիշցիներ լքել էին իրենց տները, գրեթե հիմնովին վնասվել էին գյուղի ենթակառուցվածքները։ 2016-2019 թվականներին Հայաստան համահայկական հիմնադրամը երկու միջոցառում իրականացրեց Թալիշում։ Ծրագրերից մեկով հավաքված 2 միլիոն դոլարով հիմնադրամը խմելու ջրի ու կոյուղու նոր համակարգեր ստեղծեց, նաև հիմնվեց համայնքային կենտրոն՝ ժամանցի, կրթական, համայնքային միջոցառումների կազմակերպման համար։ Մյուս ծրագրով 1,7 միլիոն դոլար հավաքվեց, ինչի արդյունքում Թալիշում կառուցվեց 18 բնակելի տուն, ակումբ, կենցաղի տուն, հանդիսությունների սրահ, հասարակական նշանակության կենտրոն։ Այս նպատակի համար միջոցներ հատկացրել էր Արցախի կառավարությունն ու բարերար Անդրանիկ Բաղդասարյանը։ Ծրագիրն ավարտվել է 2019-ի մայիսին։ Թալիշը ներկայում ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո է։

Քարվաճառի ջրամատակարարման վերակառուցում

2013-ին Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով Քարվաճառ քաղաքում ստեղծվեց 7-8 կիլոմետրաոց ջրամատակարարման նոր համակարգ։ Այդ նպատակով ծախսվեց ավելի քան 410 000 դոլար։ Քարվաճառցիները սկսեցին կայուն ջրամատակարարում ունենալ, 120 ընտանիքի ջրամատակարարումը կանոնակարգվեց։ Բացի այդ՝ կառուցվեցին 50 խորանարդ մետր տարողությամբ օրվա կարգավորման ջրամբարներ։ Նախատեսվում էր 2021-ին Քարվաճառում ավարտին հասցնել տարածաշրջանային բժշկական կենտրոնի վերակառուցումը՝ 440 000 դոլարով։

Ներդրումներ Շուշիում

Այս տարվա հոկտեմբերի 30-ին նախատեսվում էր ավարտել Շուշիի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոցի վերանորոգումը՝ դարձյալ հիմնադրամի ջանքերով։ Այս նպատակի համար հանգանակվել էր մոտ 172 000 դոլար։ Երաժշտական դպրոցի ներկա շենքը, ըստ ծրագրի, պիտի վերանորոգվեր, համերգասրահը, լոգասենյակը ևս պիտի հիմնանորոգվեին, ու տեղադրվեին նոր պատուհաններ։

Դեռ 2012-ին Շուշիում վերակառուցվել էր Խաչատուր Աբովյանի անվան դպրոցը՝ 2,2 միլիոն դոլարով։ Դպրոցն ամբողջությամբ (7 300 քառակուսի մետր մակերես) վերակառուցվեց: Շուշիում 2017-ի հուլիսին ավարտվեց երիտասարդության ու մշակույթի կենտրոնի վերակառուցումը։ Ծրագրի արժեքը 1,3 միլիոն դոլար էր։ Այն ներառում է խոշոր համերգադահլիճ, հանդերձարաններ, օժանդակ սենյակներ, այս կենտրոնում է գործում նաև Ատոմ էգոյանի անվան տիկնիկային թատրոնը։

Շուշիում Հայաստան հիմնադրամի միջոցներով հիմնվեց Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանը։ Ծրագրի արժեքը կազմել է 3,9 միլիոն դոլար։ Ծրագիրն իրականացվել էր ֆրանսահայ բարերար Եզնիկ Մոզյանի կտակած գումարներով ու Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ։ Ուսումնարանը նախատեսված է 450 սանի համար։ Առկա են դասասենյակներ, լաբորատորիաներ, արհեստանոցներ, գրադարան, պահեստներ։

Հիմնադրամի ջանքերով Շուշիում նաև 804 000 դոլարով 2013-ին ջրամատակարարման նոր համակարգ էր կառուցվել։

Շուշիում խոշոր ներդրումներ կատարվել են նաև գործարարների, մասնավոր հիմնադրամների միջոցներով։ Օրինակ Շուշիում գործող «Ավան Շուշի պլազա»-ն հիմնվել էր ամերիկահայ Ալեք Բաղդասարյանի ջանքերով ու «Ավան Իշխան փարթներշիփ» ընկերության միջոցով։ Այս ընկերությունը վերակառուցեց նաև Շուշիի քաղաքային բաղնիքն ու շուկան։ Շուշիում գործող մեկ այլ հյուրանոց՝ «Շուշի հոթել»-ը Արցախում հիմնված առաջին հյուրանոցներից էր, հիմնվել է 2001-ին։

Մերձավոր Արևելքում Արցախի ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանի մասնակցությամբ Շուշիում հիմնվել էր նաև «Շուշի գրանդ հոթել»-ը։ Idea հիմնադրամի միջոցներով անցյալ տարի ավարտվեց Շուշիում 19-րդ դարի ճարտարապետական-կրոնական համալիր Վերին մզկիթի վերականգնման աշխատանքները։ Մզկիթի վերականգնման համար տրամադրվել էր 1.5 միլիոն դոլար։

2006 թվականից Շուշիում գործունեություն էր ծավալում նաև Նարեկացի արվեստի միությունը։

Ծրագրեր Հադրութում

Համահայկական հիմնադրամի գումարներով 1997-ին կառուցվել էր ջրամաքրման կայան։ Այս նպատակի համար հիմնադրամին միջոցներ տրամադրել էին Գևորգ և Անահիտ Քաջազնունիները։ Ավելի քան 1 միլիոն դոլարով հիմնադրամը 2007-2009 թթ․ կառուցեց Տող-Հադրութ գազամուղը, որն անցնում էր Ջրակուս, Հոշեր, Ակնաղբյուր, Կյուրաթաղ, Ուխտաձոր, Ծաղկավանք, Պլեթոնց, Մելիքաշեն, Այգեստան համայնքներով։

Վերակառուցվեց նաև Հադրութի շրջանային հիվանդանոցը՝ 680 000 դոլարով։ Ձեռք են բերվել շտապօգնության նոր մեքենաներ, հիվանդանոցի համար սարքավորումներ, հիմնվել է ատամնաբուժարան և այլն։ Հադրութի ջրամատակարարման համակարգի վերակառուցման համար հիմնադրամն իրականացրել է երկու ծրագիր․ դրանցից մեկով, որն ավարտվել է 2016-ին ու արժեցել է 1,4 միլիոն դոլար, կառուցվել է ավելի քան 20 կիլոմետր ջրատար դեպի Հադրութ, վերակառուցվել է օրվա կարգավորման ջրամբարը, նորոգվել են բաշխիչ հորերը։ Այս նպատակի համար հիմնադրամին ավելի ուշ տրամադրվել է ևս 930 000 դոլար։ Հիմնական նվիրատուներն են եղել հիմնադրամի Ֆրանսիայի գրասենյակը, բարերարներ Ջերալդ Թրփանջյանը, Հրայր Հովնանյանը և այլք։

Ավելի քան 28,5 միլիոն դոլարով 2000 թվականից մինչ 2009 թվականը կառուցվեց ու շահագործման հանձնվեց Հյուսիս-հարավ մայրուղին, որը ձգվում էր Մարտակերտից մինչև Հադրութ։ Ճանապարհի ընդհանուր երկարությունը 160 կիլոմետր է, այն ռազմավարական նշանակություն ունի Արցախի համար։ Այս մայրուղու որոշ հատված՝ Հադրութի հարևանությամբ, անցել է հակառակորդի վերահսկողության ներքո։

Թուֆենկյան հիմնադրամը Արցախում

Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը մոտ 15 տարի ակտիվ ներդրումներ է իրականացրել Արցախում։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Տուտագլեանը Սիվիլնեթի հետ զրույցում, ներկայացնելով իրենց իրականացրած ծրագրերը, ասաց, որ ենթակառուցվածքների՝ շենքերի, շինությունների, այգիների հիմնման ու վերանորոգման համար ծախսել են ավելի քան 4 միլիոն դոլար. «Գրեթե ամբողջը մնում է հակառակորդի ձեռքում՝ կլինիկաներ, մանկապարտեզներ, դպրոցներ, այգիներ։ Հադրութի հարավում՝ Ջեբրայիլի կողքերը, մենք գյուղ էինք հիմնել՝ Առաջամուղը, որն ամբողջությամբ մնաց նրանց։ Գյուղի հիմնումը մոտավորապես 1,5 միլիոն դոլար արժեցավ։ Սարքել էինք 24 տուն, դպրոց, մանկապարտեզ և այլն։ Տասը տարվա նախագիծ էր»։

Տուտագլեանի խոսքով՝ մանկապարտեզներ, դպրոցներ էին վերանորոգել ու հիմնել նաև Քաշաթաղի տարբեր գյուղերում։

Թուֆենկյան հիմնադրամը 2004-2011 թթ․ բժշկական ամբուլատորիա էր հիմնել Իշխանաձոր համայնքում, ալրաղաց՝ Այգեհովիտ համայնքում, երաժշտական դպրոց Բերձորում, վերանորոգել էր Շուշիի քաղաքապետարանի շենքը և այլն։ Տուտագլեանի խոսքով՝ կրած վնասները դեռևս հաշվարկի փուլում են։

Արցախի տնտեսության վնասը ավելի քան մեկ միլիարդ դոլար է

Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Արմեն Թովմասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ներկայում կրած վնասի հաշվարկ է ընթանում։

Անդրադառնալով, օրինակ, կապի միակ օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ»-ի կրած վնասներին՝ Թովմասյանը ասաց. «Մի քանի օր է՝ կապը վերականգնվել է, բջայինն աշխատում է, ինտերնետ կա։ Հիմա քննարկում ենք մի քանի նոր բաներ կառուցելու հարց մեր տարածքում»։

Նրա խոսքով՝ հիդրոէլեկտրակայանների մեծ մասը մնացել է հակառակորդի վերահսկողության տակ․ «Մեր վերահսկողության տակ է հինգ ՀԷԿ. մեկը Սարսանգ ՀԷԿ-ն է ու ևս չորս փոքր ՀԷԿ-եր»։ Նրա կարծիքով՝ հաշվարկի դեպքում կորուստները կարող են գերազանցել մեկ միլիարդ դոլարը։

Հանքավայրեր

Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանն էլ ՍիվիլՆեթի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց հանքավայրերի ենթակայության հետ կապված։ Ըստ նրա՝ Արցախ ենթակայության ներքո են մնում Դրմբոնի ոսկու բազմամետաղային հանքավայրը, Կաշենի պղնձամոլիբդենային հանքավայրը, իսկ Կովսականի շրջանի Թոնդիրգետի ոսկու հանքավայրը կարող է անցնել ադրբեջանական կողմին։

Գյուղատնտեսություն

Արցախի գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը Սիվիլնեթին հայտնեց, որ վարելահողերի, ինչպես նաև պարենամթերքի հետ կապված հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ ներկայում հաշվարկներ են ընթանում։ «Մոտ 95 000 հեկտար վարելահող ենք կորցրել՝ հացահատիկ և այգիներ։ Այգիներում ամեն ինչ աճեցվում էր, բայց հիմնականում նուռ, խուրմա։ Թիվ չեմ կարող ասել, վերջնական հաշվարկ չկա, անասնագլխաքանակը չենք հաշվարկել»,- ասաց նախարարը՝ շեշտելով, որ Հայաստանի հացահատիկի պահանջարկի 25 տոկոսը բավարարում էր Արցախը։

Նա հույս հայտնեց, որ Արցախի վերահսկողության ներքո մնացած վարելահողերի մշակմամբ դեռ հնարավոր կլինի փակել Արցախի պարենային դեֆիցիտը։ Բախշիյանի խոսքով՝ Արցախի հիմնական խոշոր այգիները արդեն հակառակորդի ենթակայության ներքո են, անհրաժեշտ է հիմնել նոր այգիներ, ջերմոցներ. «Ամբողջ պետական համակարգում հիմա գնում է վնասների ճշգրտում, ու հետագայում մենք մեծ այգիների, հողատերերի վարկային միջոցների հարցն ենք փորձում գնահատել։ Իհարկե, կլինի աջակցություն, բայց ինչ կարգով ու ծավալով, չեմ կարող ասել։ Դժվար է լինելու Հայաստան հացահատիկի արտահանումը, մեզ մնացել է մեր վարելահողերի 25 տոկոսը»։ Նախարարն ընդգծում է, որ եղած ռեսուրսները հազիվ կարող են բավարարել Արցախին։

Հակառակորդին է անցել նաև Հադրութի Տող գյուղում գտնվող «Կատարո» գինու հայտնի գործարանն ու Շեխերի գինու գործարանը։

Շեխերի գինին՝ ադրբեջանական վերահսկողության ներքո

Մի քանի տարի է՝ Հադրութի և Մարտունու սահմանագոտում գտնվող Շեխեր համայնքում Բաղդասար Ղուլյանը հիմնել էր գինու արտադրություն։ Պատերազմի հետևանքով գինու գործարանն անցել է հակառակորդին։ Ղուլյանի խոսքով՝ գործարանն իր սարքավորումներով, արտադրանքով ու մնացած ողջ ենթակառուցվածքներով արժեր մոտ 1,5 միլիոն դոլար. «Ես այգիները դեռ չեմ հաշվում, միայն շենքերը, սարքավորումները, մեջի գինին։ Այգիները մոտ 30 հեկտար էին, օրինական պայմանագրերով գինիներ ունեինք, որ պիտի ուղարկեի Ամերիկա։ Եղած ապրանքը դուրս բերելու հարցով ոչ ոք չի ուզում օգնել, ռուսական կողմն ասում է՝ մենք չենք կարող, նրանց կողմում է։ Կարմիր խաչն ասում է՝ մենք դիակներով ենք զբաղված, իշխանություն էլ չկա»,- ներկայացնում է Ղուլյանը, որն այս պատերազմում կորցրել է որդուն։

Նրա խոսքով՝ պատերազմից առաջ 45 000 շիշ գինի պիտի Ամերիկա ուղարկեր հոկտեմբերի 10-ին, ևս մի խոշոր խմբաքանակ պիտի մարտին ուղարկվեր։ Հարցին, թե հնարավոր չէ՞ր արդյոք արտադրանքը գործարանի տարածքից դուրս բերել, գինեգործը պատասխանեց. «Երբ արդեն որոշել էինք, որ պիտի դուրս հանենք, տարածքի մեքենաները միայն արկեր էին տեղափոխում, ջահելներ չկային, իսկ հետո երբ տղաս զոհվեց, արդեն իրար էինք խառնվել, ու չստացվեց»։

Մկրտիչ Կարապետյան

Անի Գրիգորյան

Գլխավոր լուսանկարը՝ Անժելիկա Զաքարյանի

Մեկնաբանել