Կարևորագույն հարցը ռազմագերիների փոխանակումն է. Լավրովը՝ Այվազյանի հետ հանդիպմանը

Ռուսաստանն իր խաղաղապահների միջոցով նպաստելու է Լեռնային Ղարաբաղում ռազմագերիների փոխանակմանը․ Մոսկվայում դեկտեմբերի 7-ին բացելով բանակցությունները ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Կարևորագույն հարցը ռազմագերիների փոխանակումն է։ Ամեն կերպ նպաստելու ենք մեր խաղաղապահների միջոցով գործընթացի ավարտին»,- ասել է Լավրովը։

Նա կարծիք է հայտնել, որ «Հարավային Կովկասը հակասությունների տարածաշրջանից վերածվում է կայունության տարածաշրջանի»։ 

«Պայմանավորվել ենք ապաշրջափակել հաղորդակցության բոլոր ուղիները՝ տնտեսական և տրանսպորտային»,- ասել է Լավրովը։

ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանը որոշել է լրացուցիչ միանվագ գումար հատկացնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, որն աշխատում է Լեռնային Ղարաբաղում։

«Ամեն կերպ սատարում ենք միջազգային կազմակերպությունների գործունեությունը, որոնք պատրաստ են ներդնել իրենց ռեսուրսները, փորձը, ներուժը խաղաղ կյանքի վերականգնման գործում»,- հայտարարել է Լավրովը։

***
 
Անցյալ շաբաթ Բաքուն և Երևանը հայտարարել են ռազմագերիներին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու մասին։

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Համաձայնեցված է սկզբունքը, որ բոլորը պետք է փոխանակվեն բոլորի հետ։ Ընդ որում, ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլ նաև պատերազմից առաջ հայկական և ադրբեջանական կողմերում հայտնած անձինք պետք է վերադարձվեն»։