Ոստիկանությունը օրինահարգության և համակեցության կանոնների պահպանման կոչ է անում

Դեկտեմբերի 8-ին ընդդիմության հայտարարած հանրահավաքին ընդառաջ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացված է ստորև․

«Հարգելի՛ համաքաղաքացիներ,

Ոստիկանությունը կոչ է անում օրինահարգության և համակեցության կանոնների պահպանման: Ոչ ոք չի կարող սահմանափակել կարծիքի արտահայտման ազատությունը, բայց հիշեք, որ բոլո՛ր քաղաքացիներն ունեն կարծիքի ազատ արտահայտման, ազատ տեղաշարժվելու, անդորրի և այլ սուբյեկտիվ իրավունքներ:

Հորդորում ենք ձեր սուբյեկտիվ հիմնական իրավունքներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, չչարաշահել դրանք, հարգել համաքաղաքացիների իրավունքները:

Հիշեք, որ ձեր իրավունքներն օրենքին հակառակ եւ չարաշահումով իրականացնելը, ինչը դրսեւորվում է փողոցների շրջափակումով, տրանսպորտի երթեւեկության կազմալուծմամբ, առաջացնում է վարչական պատասխանատվություն:

Չխանգարենք ոչ մեկին, չխանգարենք հանրային համաձայնության կայացմանը: Հարգենք բոլորին և հարգենք ինքներս մեզ, թույլ չտանք հակահասարակական արարքներ, որոնք կարող են անվստահություն սերմանել օրենքի և օրինականության հանդեպ:

Ոստիկանությունը հավատարիմ է իր գործառույթների իրականացմանը՝ ապահովել օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը, բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, անդորրն ու անվտանգությունը: Համոզված ենք, որ սա նաև հասարակության առաքելությունն է, և համագործակցության ենք կոչում քաղաքացիներին՝ ի շահ մեր երկրի և ժողովրդի բարօրության»։

Կարդացե՛ք նաև

Փաշինյանին հեռանալու համար ժամանակ են տվել մինչև երեքշաբթի

Մեկնաբանել