Հաստատվել է կորոնավիրուսի 584 նոր դեպք, դրական է թեստերի մոտ 25 տոկոսը

Դեկտեմբերի 7-ին կատարվել է 2 302 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 584 նոր դեպք, այսինքն՝ թեստավորվածների մոտ 25,3 տոկոսը վարակված է եղել կորոնավիրուսով: Տվյալները փոխանցել է առողջապահության նախարարությունը։  

Գրանցվել է 1 498 առողջացած և 28 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 597 է:

Դեկտեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 142 928 դեպք, որոնցից 119 147-ն` առողջացած, 2 372-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 208 12 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 532 527 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 54-րդ տեղը՝  142 928 դեպքով։ Վրաստանը գտնվում է 44-րդ տեղում՝ 169 649 դեպքով, Ադրբեջանը 48-րդ տեղում է՝ 149 765 դեպքով, Թուրքիան 16-րդ տեղում է՝ 860 432 դեպքով, Իրանը 14-րդ տեղում է՝ 1 051 374 դեպքով։