Երևանում սկսում են տեղադրել տեսակավորման համար նախատեսված թափոնամաններ

Ժամանակն է տեսակավորել կենցաղային թափոնները. Ֆեյսբուքում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա տեղեկացնում է, որ Աջափնյակը և Դավթաշենը առաջին վարչական շրջաններն են, որտեղ տեղադրվում են տեսակավորման համար նախատեսված թափոնամանները:

«Այստեղ 16 կետերում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղադրում է երեքական տեսակի տարագույն թափոնամաններ: Կենցաղային աղբի համար նախատեսված «սովորական» աղբամանների կողքին տեղադրված այս թափոնամանները հնարավորություն կտան մեր բնակչությանը՝ աստիճանաբար յուրացնել աղբի տեսակավորման մշակույթը՝ առանձնացնել այն տանը և թափել բնակարանի մերձակայքում տեղադրված ամաններում:

Դեռ 2019-ից պլանավորված այս գործընթացով մենք մի քանի կարևորագույն նպատակ ենք հետապնդում՝ սկսած բնապահպանականից, վերջացրած՝ տնտեսական որոշակի արդյունքով:
Այսպիսով, եթե տեսնեք Ձեր շենքի մոտակայքում տեղադրված նոր թափոնամանները, իմացեք, որ

Դեղինը նախատեսված է թղթի, ստվարաթղթի համար: Խիստ ցանկալի է, որպեսզի ստվարաթղթե արկղերը թափոնամանները նետվեն բացելուց և ծալելուց հետո:

Կապույտը՝ պլաստիկի համար: Այս թափոնամանները նախատեսված են բոլոր այն թափոնների համար, որոնք պլաստիկի հիմքով են պատրաստված՝ պոլիէթիլենային տոպրակներ, շշեր, բաժակներ և այլն:

Փոքր մոխրագույն/սև թափոնամանները ապակու համար են: Այստեղ հավաքում ենք ապակե թափոնները՝ ոչ միայն շշերը և այլ սպասք, այլև օրինակ՝ պատուհանի կոտրված ապակի, և այլն:

Մեր մասնագետները և վարչական շրջանների համապատասխան անձնակազմը թափոնամաններից օգտվելու առանձնահատկությունների մասին ընթացքում առավել մանրամասն տեղեկատվություն կտան»,- գրել է Մարությանը։

Մեկնաբանել