Ընդդիմությունը կոչ է անում սկսել խաղաղ անհնազանդության ակցիաներ

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը քիչ առաջ կոչ արեց սկսկել խաղաղ անհնազանդության ակցիաներ։

«Ինչպես տեսնում եք, Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացրել, հետևաբար այս պահից սկսած մինչև 17։00-ն ՀՀ քաղաքացիները ունեն լեգիտիմ իրավունք իրենց խաղաղ, անհնազանդության ակցիաները և գործողությունները անելու, իրենց բողոքը, իրենց պահանջը տեղ հասցնելու համար»,- հայտարարեց Սաղաթելյանը։

Նա կոչ արեց բոլոր գործողություններն անել «օրենքի սահմաններում»։

Սաղաթելյանն իրավապահ համակարգին հորդորեց չկատարել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգներն ու ուժ չկիրառել ժողովրդի նկատմամբ։

«Նիկո՛լ, հեռացի՛ր անցնցում», – հայտարարեց Դաշնակցության ներկայացուցիչը։

***

Դեկտեմբերի 5-ին  տեղի ունեցավ «Հայրենիքի փրկության շարժման» համազգային հանրահավաքը, որի ընթացքում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց շարժման պահանջը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և թիմին հեռանալու համար ժամանակ տալով մինչև դեկտեմբերի 8-ը՝ ժամը 12։00-ն։ 

Ոստիկանությունն այսօր «օրինահարգության և համակեցության կանոնների պահպանման կոչ է արել»։