Անհրաժեշտ է ավելի կայուն կարգավիճակ տալ Լաչինի միջանցքին, կարծում է Ֆրանսիայի դեսպանը

Դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հանդիպումը Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի հետ։

Ինչպես ասված է ԱԺ հաղորդագրությունում, դեսպանը, անդրադառնալով նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության կարևորությանը, նշել է, որ դրանով բոլոր խնդիրներին լուծում չի տրվել, և այս առումով կարևոր անելիք ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը:

Այդ ձևաչափը, ըստ Ջոնաթան Լաքոտի, հնարավորություն է տալիս խոսելու երկու կողմերի հետ: Դեսպանի խոսքով՝ պետք է վերսկսվեն բանակցությունները հայտարարության մեջ չներառված հարցերի շուրջ՝ ԼՂ կարգավիճակը հստակեցված չէ, պետք է ապահովել տեղահանվածների վերադարձ, ավելի կայուն կարգավիճակ տալ Լաչինի միջանցքին, ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմանը, պահպանել հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգությունը: Դեսպանն անդրադարձել է նաև ռազմագերիների վերադարձի խնդրին:

ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ԱԺ փոխնախագահը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը՝ ընդգծելով Ֆրանսիայի առանցքային դերակատարումը: Վահե Էնֆիաջյանը փաստել է, որ հաճախ խնդիրը տարածքային վեճ է ներկայացվում, բայց իրականում այն պայքար է ինքնորոշման համար, մարդկանց իրավունքների իրացման հարց է:

***

Դեկտեմբերի 4-ին Ֆրանսիայի դեսպանը ՍիվիլՆեթի տաղավարում զրուցել է Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի ընդունած բանաձևերի, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և դրա նշանակության, ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարության մասին։

«Նոյեմբերի 9-ի համաձայնագիրն ունի մեկ արժանիք՝ այն կանգնեցրեց ռազմական գործողությունները և հաստատեց, ամենայն հավանականությամբ, երկարատև հրադադար։ Սակայն բացի այդ, իհարկե, կան բազմաթիվ բաց մնացած հարցեր։ Ահա թե ինչու մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է վերադառնալ կայուն բանակցային գործընթացին, բնականաբար, երկու կողմերի և Մինսկի խմբի մասնակցությամբ, և ի վիճակի լինել գլոբալ հարցեր բարձրացնել։ Կարգավիճակի հարցը, իհարկե, քննարկումների մի մասն է լինելու, բայց ինչպես նշեցինք, այդ թվում՝ վերջին օրերին Հայաստանում մեր շփումների ընթացքում, կան ավելի հրատապ հարցեր, քան կարգավիճակի հարցը։

Կա նաև այն մարդկանց վերադարձի հարցը, որոնք տեղահանվել են հակամարտության արդյունքում, ստիպված են եղել լքել իրենց տները մարտական գործողությունների պատճառով։ Գոյություն ունի մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հրատապ հարցը։ Լաչինի միջանցքում անվտանգության խնդիր կա։ Այսպիսով, սրանք անմիջականորեն բնակչության անվտանգության հետ կապված և հրատապ լուծում պահանջող հարցեր են, որոնք Հայաստանի իշխանությունների կողմից ճանաչվել են անհետաձգելի, և որոնք կարծես ավելի են հետաձգում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը»,- հայտարարել է Ֆրանսիայի դեսպանը ՍիվիլՆեթի տաղավարում։

Մեկնաբանել