Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները չեն դադարի․ ՍԴ-ն ԱԺ-ի դիմումը վարույթ չի ընդունել

Սահմանադրական դատարանը մերժել է Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել, որով խորհրդարանը խնդրում էր դադարեցնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները։ Այս մասին հայտնել է Ծառուկյանի փաստաբաններից Էմին Խաչատրյանը։ «Ողջամտության դրսևորում դառը իրականության մեջ»,- գրել է փաստաբանը։

Տեղեկությունը հաստատել է նաև ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը․ «Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ մերժել է վարույթ ընդունել Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով` Ազգային ժողովի խորհրդի դիմումը։ Որոշումն օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում կուղարկվի կողմերին եւ կհրապարակվի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Թովմասյանը։

Ազգային ժողովի խորհուրդը նոյեմբերի 24-ին որոշել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանդրական դատարան։ Խորհուրդը դիտարկել էր Գագիկ Ծառուկյանի կողմից ձեռնարկատիրությամբ զբաղվելու հանգամանքը։ Պատգամավոր Միքայել Մելքումյանը, որը մասնակցել էր այս հարցով խորհրդի նիստն, մասնավորապես նշել էր, թե հիմք են ընդունել մի դրվագ, երբ Ծառուկյանը ներկա է եղել ընկերություններից մեկի ղեկավար կազմի ժողովին, ինչը պատգամավորը անհիմն մեղադրանք էր համարել։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել