ԱՄՆ-ը «շատ հարցեր» ունի Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի, Թուրքիայի դերակատարության մասին․ Ռիկեր

Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը․ նա ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաջնահերթությունների ու գործունեության վերաբերյալ լսումների հիմնական բանախոսն էր: 

Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայնը», ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը վերահաստատել է, որ Վաշինգտոնը ողջունում է ռազմական գործողությունների դադարեցումը ղարաբաղյան հակամարտության գոտում։ 

«Մենք շարունակում ենք շեշտել, որ այդ երկարատև հակամարտությունը չունի ռազմական լուծում: Գոյություն ունի մարմին՝ Մինսկի խումբն ու համանախագահները, որոնք կոչված են օգնելու երկու կողմերին, այսինքն` Հայաստանին և Ադրբեջանին, գտնել հակամարտության կարգավորումը: Վերջին մոտ 30 տարիների ընթացքում եղել են դեպքեր, երբ մոտ էինք խաղաղության հաստատմանը: Ես հիշում եմ իմ կարիերայի սկզբին, երբ մենք Մինսկի խմբի համանախագահության առաջատար դիրքում էինք և ակտիվ բանակցություններ էինք վարում 2000-2001թթ. Քի Ուեսթում: Մենք իսկապես մտածում էինք, որ մոտ ենք կարգավորմանը կամ համարյա այնտեղ ենք: Սակայն դա դարձավ պատրանք»,- ասել է Ռիկերը։

Նա կարևորել է Մինսկի խմբի ու համանախագահների դերը վերջին երեք տասնամյակում։

«Մենք շարունակում ենք հավատալ, որ այստեղ երկարաժամկետ ռազմական լուծում չկա: Տասնամյակներ առաջ Հայաստանի հաղթանակը ռազմի դաշտում վերջ չդրեց հակամարտությանը: Մենք փորձեցինք դիվանագիտության միջոցով հեռու պահել կողմերին բռնությունից: Կասկածում եմ, որ ռազմական լուծումը կարող է այս անգամ ևս ուրիշ արդյունք գրանցել»,- նշել է Ռիկերը և հավելել, որ կարգավորմանը պետք է հասնել բանակցությունների սեղանի շուրջ՝ ընդգծելով, որ համանախագահներն այս հարցում լավագույն միջնորդներն են: 

«Դեռ շատ հարցեր ունենք Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի, այստեղ Թուրքիայի դերակատարության մասին: Չափազանց մտահոգված էինք և հայտնել ենք մեր մտահոգությունները Թուրքիայի դերի վերաբերյալ այստեղ տեղափոխված օտարերկրյա զինյալների և տրամադրվող զենք զինամթերքի վերաբերյալ քննարկումներին»,- ընդգծել է Ռիկերը:

Նա հայտնել է, որ այս հարցերը շարունակում են մտահոգել Վաշինգտոնին և գտնվում են Թուրքիայի և Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի երկխոսության օրակարգում: Նա տեղեկացրել է, որ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը, որն այդ պահին Ժնևում էր Վրաստանի հետ կապված գործընթացի շուրջ հանդիպմանը մասնակցելու համար, շաբաթվա վերջում նախատեսում է մյուս համանախագահների հետ մեկնել Բաքու և Երևան՝ քննարկելու խաղաղ գործընթացի վերականգնման և դիվանագիտական հարթակ վերադառնալու հարցեր: 

Ռիկերի կարծիքով՝ ԵԱՀԿ-ն այս առումով ճիշտ հարթակ է:

«Մենք պարզապես կարող ենք հուսալ, որ տևական խաղաղության կհասնենք, որպեսզի ստիպված չլինենք ականատես լինելու մարդկային նոր կորուստների և քաղաքացիական բնակչության տառապանքների, որոնք գրանցվել են վերջին մի քանի ամիսների ընթացքում»,- ասել է Ռիկերը՝ նշելով, որ ԱՄՆ միջոցներ է հատկացնում՝ փորձելով օգնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: 

Աղբյուրը՝ «Ամերիկայի ձայն»