Չորս քայլ, որ պետք է անել քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար․ Էրիկ Հակոբյան

Քաղաքական խորհրդատու Էրիկ Հակոբյանը ՍիվիլՆեթի Էմիլիո Կրիկիոյի հետ զրույցում անդրադառնում է Հայաստանի ներկայիս հակաիշխանական շարժմանը և նրա բաղադրիչներին։ Հակոբյանը խոսում է նաև Վազգեն Մանուկյանի՝ վարչապետի պաշտոնի հավակնության, Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև թշնամանքի և ներկայիս փակուղուց դուրս գալու հնարավորությունների մասին։

– Շատերն ասում են, որ Հայաստանում կա հակաիշխանական երկու շարժում։ Ըստ ձեզ՝ սա ճի՞շտ է, և ինչպե՞ս կբնութագրեք այս շարժումն ու դրա բաղադրիչները։

– Ըստ իս՝ կա շարժում և կա հոսանք։ Դրանք ինչ-որ չափով տարբեր են։ Կա քիչ թե շատ կազմակերպված ընդդիմությունը, որ տեսնում ենք փողոցում, և այն մեծամասամբ հեղափոխության արդյունքում իշխանությունը կորցրած ուժերի դաշինքն է։ Հիմնական բաղադրիչներն են ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն, որը խորհրդարանում ներկա ուժ է։ Սակայն դրանք մեծամասամբ հին վարչակարգի հիմնական խաղացողներն են։ Նրանց են միացել 13-14 այլ կուսակցություններ, որոնք հիմնականում այնտեղ են իրենց անվամբ և կազմված են մեկ մարդուց։ Սա կազմակերպված ընդդիմությունն է։ 

Կան նաև սովորական քաղաքացիները, որոնք ևս կարծում են՝ վարչապետը ձախողվել է և պետք է հեռանա։ Մենք չգիտենք՝ նրանք մեծամասնություն են, թե ոչ։ Սակայն նրանք շատ ավելի մեծ թիվ են կազմում, քան վերևում նշածս ընդդիմությունը, որը որոշ առումներով ձեռնտու է վարչապետին, քանի որ լայն ժողովրդականություն չունի։ Նրանց ներկայությունը փողոցում իրականում կաշկանդում է բազմաթիվ սովորական քաղաքացիների, որոնք կուզեին վարչապետի հրաժարականը, սակայն դուրս չեն գալիս փողոց, որպեսզի որևէ կերպ չառնչվեն հին վարչակարգի հետ։

Ուստի, ունենք երկու խումբ՝ շարժում և հոսանք։ Վերջինը, սակայն, իրեն դեռ չի դրսևորել։

– Տասնվեց ընդդիմադիր ուժերը առաջադրել են վարչապետի իրենց թեկնածուին՝ Վազգեն Մանուկյանին։ Ի՞նչ կասեք այդ մասին։

– Նախ, ինչ էլ ասեմ, չպետք է դիտվի որպես իմ գնահատականը Վազգեն Մանուկյանին, որովհետև չգիտեմ նրան և չունեմ պատճառ՝ կասկածելու, որ նա հայրենասեր է, որը ցանկանում է օգնել իր երկրին։ Ուստի կխոսեմ ոչ թե նրա, այլ նրա շուրջ տեղի ունեցողի մասին։ Փաստը, որ 16 կուսակցությունները գլուխ-գլխի տվեցին և լավագույնը, որ կարողացան գտնել, 74 տարեկան մի մարդ է, որը վերջին անգամ իշխանության է եղել երեսուն տարի առաջ, խոսում է, թե ինչ սահմանափակ քաղաքական միջավայրի հետ գործ ունեն, և որի մասին նրանք գիտեն։ 74-ամյա թեկնածուի առաջադրում են մի երկրում, որտեղ բոլոր ունակ մարդիկ 30 տարեկանին մոտ են։ Այսինքն, դու ապագա սերունդին ասում ես՝ ձեզ պետք է ղեկավարի պապիկ։ Սա խոսում է այն մասին, թե որքան կտրված են նրանք իրականությունից։ 

Նաև՝ Հայաստանի անկախությունից հետո քաղաքական կյանքում մշտապես բացակայել է երկրորդ արարը։ Երբ իշխանությունից հեռանում ես, դա հավերժ է։ Լինի դա առաջին նախագահի, Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի դեպքում։ Չկա երկրորդ արար, երբեք հետ չես գա, քանի որ այս մշակույթը սիրում է հերոսներ կերտել և ոչնչացնել նրանց։ Ընդ որում, այս մարդկանցից ոմանք երբեք հերոս չեն էլ եղել։ Ուստի գաղափարը, որ Մանուկյանն ինչ-որ կերպ կարող է դառնալ ունակ առաջնորդ, որը կարող է համախմբել հանրությանը, այնքան էլ իրատեսական չէ։ 

– Ի՞նչ պետք է անի ներկա վարչակարգը այս իրավիճակում։

– Անկախ նրանից, թե ինչ է ուզում ընդդիմությունը, իշխանությունը պետք է որոշ բաներ անի և դրանցից մեկը կառավարության ընդլայնումն է։ Պարզ է, որ վարչապետն այլևս չունի երկու տարի առաջվա 70 տոկոս աջակցությունը։ Միգուցե ունի դրա կեսը։ Ուստի, արդյունավետ կլինի ընդլայնել կառավարություն կազմավորելու շրջանակը։ Դա չի նշանակում կոալիցիոն կառավարություն կազմել անցյալի հեղինակազրկված մարդկանց հետ, որոնք իշխանությունը կորցնելուց հետո երկու տարի առաջ չկարողացան հաղթահարել հինգ տոկոսի շեմը խորհրդարան մտնելու համար։ Երբ վերակազմավորում ես կաբինետը, որոշ դեպքերում պետք է բերես նաև քեզ դեմ եղած մարդկանց՝ տեխնոկրատների և փորձագետների, որպեսզի ընդարձակես քո գրավչությունն ու հենարանը։ 

Գալիք բանակցություններում, առնվազն արտաքին քաղաքականության համատեքստում, պետք է ազգային կառավարություն ձևավորել, որպեսզի այն ավելի լայն ներկապնակ արտացոլի՝ իշխող ուժից անդին։

– Փաշինյանի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև հեռակա բանավոր պատերազմ է։  

– Հետևել եմ նրանց։ Առաջին բանը, որ ինձ հիշեցրեց, լիբանանցի հայտնի բանաստեղծ Խալիլ Ջիբրանի պոեմն է, որն ասում է․ «Երբ մարդու մասին ենք խոսում, պետք է հավատալ սկզբին, քանի որ այն ավելի մոտ է ճշմարտությանը, քան նրանց խոսքերին»։ Նրանք երկուսն էլ իրար մասին ճիշտ են։ Նախկին նախագահն ասում է, որ Փաշինյանն անխոհեմ է, ազգայնական, որ չգիտեր՝ ինչ է բանակը, որ անխոհեմաբար ստեղծեց մի իրավիճակ, երբ հակառակորդը դիմեց պատերազմի։ Սա մեծամասամբ ճիշտ է։ 

Վարչապետը իր հերթին նախկին նախագահին մեղադրում է կոռուպցիայի մշակույթի համար, որը թուլացրել է երկիրը և երկիրը դրել դրության մեջ, երբ հնարավոր չեղավ արդյունավետ պատերազմ վարել։ Նա ևս մեծամասամբ ճիշտ է։ 

Անկեղծ ասած, ես նրանց մոտ կուզեի տեսնել սեփական քայլերի համար պատասխանատվության ստանձնումը։ Քանի դեռ նրանք այդ պատասխանատվությունը չեն վերցրել իրենց վրա, մենք նրանց կլսենք, բայց չենք անսա։

Վարչապետը իրավիճակի պատասխանատվությունը ստանձնելու մասին որոշ հայտարարություններ արել է։ Սակայն նա պետք է ասի նաև, որ անցած երկու տարիների ընթացքում մենք չափից շատ էինք կենտրոնացել ներքին քաղաքականության վրա՝ ի վնաս արտաքին քաղաքականության։ Նա պետք է ասի՝ արել է բաներ, որ հետահայաց չպետք է աներ՝ լինի բանակցային ձևաչափի փոփոխությունը, թե բազմաթիվ այլ բաներ։ Նա պետք է դրա պատասխանատվությունը վերցնի։

Ինչ վերաբերում է նախկին նախագահին, նա պետք է ընդունի, որ ինքը, փաստորեն, ստեղծել է այս օլիգարխիկ վարչակարգը, որն աղքատության եզրին է հասցրել երկիրը և հանգեցրել երկրից հազարավոր մարդկանց, այդ թվում՝ լավագույն ուղեղների արտահոսքին։ 

Ուստի, մինչև նրանք իրենց արածների պատասխանատվությունը չվերցնեն, ինչպես ասացի, պետք է լսենք նրանց, բայց չանսանք։

Հեղափոխությունից հետո մենք ձերբազատվեցինք անպատժելիության մշակույթից, ինչը հսկայական հաղթանակ էր։ Սակայն մենք դեռ չենք հասել պատասխանատվություն կրելու մշակույթին։ Այս կառավարությունը պատրաստ չէ ձախողումների պատասխանատվությունը կրելու, և սա վերաբերում է բոլոր ոլորտներին, այդ թվում՝ ռազմական։ Ուստի, մենք պետք է պահանջենք, որ մարդիկ պատասխանատվություն ստանձնեն և հաշվետու լինեն իրենց արածների համար։ 

– Ո՞րն է ստեղծված փակուղուց դուրս գալու ելքը։

– Մարդիկ շատ սահմանափակ տեսակետ ունեն քաղաքականության մասին։ Քաղաքականությունը քաղաքական գործիչները չեն։ Քաղաքականությունը յուրաքանչյուր քաղաքացի է, որը պետք է ներգրավված լինի այս գործընթացում։ Հայաստանում մեզ ավելի շատ ոչ թե քաղաքական կուսակցություններ, այլ քաղաքացիական կազմակերպություններ ու շարժումներ են պետք, որոնք կպահանջեն, որ յուրաքանչյուր կառավարություն կատարի իր խոստումները և կենտրոնանա հանրության համար կարևոր հարցերի վրա։

Օրինակ, ներկայիս փակուղում մարդկանց համար կարևոր չորս բան կա․

ա) Լուծել փախստականների ճգնաժամը, վստահ լինել, որ այն չի դառնա «առաջիկա երեսուն տարում տնակներում բնակվող մարդկանց» խնդիր։ Մարդիկ պետք է վերադառնան, իսկ եթե չեն վերադառնալու, նրանց կեցության հարցերը հիմա պետք է լուծել; զբաղվել ռազմագերիների և նրանց նկատմամբ հանցագործություների խնդիրներով։ Թեև, հանուն արդարության, պետք է ասեմ, որ այստեղ գործ ունենք ադրբեջանական կողմի հետ, որի վարքագիծը անտրամաբանական է։ 

բ) Հավաքել խումբ, որը կարող է Արցախում ստեղծված այս իրավիճակից բանակցել լավագույն արդյունքը, նույնիսկ, եթե դա նշանակելու է եղածը ամրագրելը շատ ավելի հստակ ու լավ պայմաններով։ Օրինակ, որ խաղաղապահներն այնտեղ լինեն ոչ թե թարմացվող հնգամյա ժամկետով, այլ ավելի երկարաժամկետ։

գ) Բարեփոխել բանակը՝ մարդկանց ինքնավստահություն տալու համար, միաժամանակ ստեղծել ռազմաարդյունաբերական համալիր։ 

դ) Մարմին ստեղծել, որը կարող է տնտեսական խորհրդատվություն տրամադրել, թե ինչպես վարվել այս հետկորոնավիրուսային իրավիճակում։ Չնայած համաճարակը գլոբալ երևույթ է, այն ունի տեղական դրսևորումներ։ 

Ես կյանքս անցկացրել եմ քաղաքական գործիչների հետ՝ օգնելով նրանց ընտրություններում։ Նրանք մի քանի բնորոշ բան ունեն՝ բոլորը փառասեր են։ Նրանց 88 տոկոսը միջակ է, մեծ մասը մանուկ հասակում բավարար ուշադրություն չի ստացել։ Սրանք են այն երեք որակները, որ ունեն քաղաքական գործիչները տարբեր երկրներում։ Ուստի մենք չենք կարող ակնկալել, որ այս մարդիկ հանդես կգան լուծումներով։ Մեր երկրի և մեր թշնամիների միջև տարբերությունն այն է, որ մենք ունենք հնարավորություն և ազատ ենք, իսկ նրանք ստրուկներ են։ Մենք կարող ենք ազդել մեր կառավարության որոշումների վրա։ Պետք է մեր ուշադրությունը կենտրոնացնենք դրա վրա և ունենանք շատ ավելի արդյունավետ քաղաքացիական կազմակերպություններ, որոնք առաջ կտանեն ժողովրդի ցանկությունը։ 

Վարչապետը մինչև հունիս տասնհինգ կետից բաղկացած ծրագի՞ր ունի։ Մենք չենք ուզում տասնհինգ կետ, որոնցից տասը միևնույն է՝ չեն կարողանալու անել։ Մենք ուզում ենք մինչև հունվար ունենալ այդ չորս քայլերը։ Մինչև հունվար մեզ ասա՝ որն է քո ծրագիրը տնտեսության, պատերազմի, Արցախի և բանակի վերակազմակերպման շուրջ։ Ահա աա է մեզ պետք։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի