«Հայաստան» համահայկական հիմնադրամը 1,1 մլն դոլար կփոխանցի 1000+ հիմնադրամին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի շրջանակում հանգանակված գումարներից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կփոխանցի 1 100 000 հազար դոլար գումար:

«Այս գումարից 932 892 ԱՄՆ դոլարը հանգանակել և Հիմնադրամին է տրամադրել OneArmenia կազմակերպությունը, իսկ 100 000–ը Հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմինը, մնացած գումարը՝ 67 108 ԱՄՆ դոլար, փոխանցումներ են անհատ նվիրատուների կողմից:

Բոլոր դեպքերում նվիրատուների հետ նախապես պայմանավորվածություն է եղել, կամ փոխանցման նպատակը դաշտում նշված է եղել խնդրանք՝ գումարը փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, ինչը և իրականացվել է: 

Հիմնադրամը կշարունակի աջակցել նաև վիրավոր զինծառայողների բուժման և առողջության վերականգնման տարբեր ծրագրերին:

Սփյուռքի տարբեր համայնքներում շարունակվում է հայրենիքին սատարման և արցախցիներին օգնելու նպատակով դրամահավաքները: Վերջինն Արգենտինայում մի քանի օր առաջ մեկնարկած Ֆոնեթոնն էր, որի արդյունքները շուտով կամփոփվեն»,- ասված է հիմնադրամի հաղորդագրությունում։ 

***

Նոյեմբերի կեսին հայտնի էր դարձել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը  միջոցների մի մասը նվիրաբերել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը։

Ըստ ավելի ուշ Ֆինանսների նախարարության հրապարակած հաշվետվության՝ հիմնադրամը 52 միլիարդ 703 միլիոն դրամ է փոխանցել կառավարությանը՝ պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հայտնում է, որ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 30-ը Հիմնադրամին կատարված նվիրաբերությունները կազմում են ընդամենը 5 091 767 դրամ։

Օրերս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ կառավարությունը պետք է հստակ, մանրամասն և թափանցիկ հաշվետվություն ներկայացնի «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխանցած միջոցներով կատարված ծախսերի վերաբերյալ։

Դեկտեմբերի 8-ին վարչապետի մոտ քննարկվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետագա գործունեության «ճանապարհային քարտեզը»։