Վազգեն Մանուկյան. քաղաքական անցյալը և ներկան

Վազգեն Մանուկյանը քաղաքական և պետական կյանքի մեջ է 1988 թվականից, երբ հայ ժողովրդի հավաքատեղին Ազատության, այն օրերի՝ Թատերական հրապարակն էր:

Մանուկյանը ծնվել է Գյումրիում, շուտով կդառնա 75 տարեկան:

Ղարաբաղյան շարժման Հայաստանյան կոմիտեի համակարգողն էր, և հիմնականում նրա ընտանեկան բնակարանում էին հավաքվում Շարժման ղեկավարները և քննարկում Արցախի հարցն ու Հայաստանի ապագան:

1988թ․ մարտի 19-ին Ղարաբաղյան շարժման կազմկոմիտեն տարածեց 8-կետանոց առաջին գրավոր հայտարարությունը (թռուցիկ), որի հեղինակը Մանուկյանն էր: Տեքստի 5-րդ կետը ամբողջովին արտահայտում էր Մանուկյանի, այդ օրերի նրա գաղափարակից Լևոն Տեր-Պետրոսյանի և երկուսի վրա ահռելի հետք թողած Ռաֆայել Իշխանյանի տեսակետը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ:

«Չկան մշտական թշնամիներ և մշտական բարեկամներ, կան մշտական ազգային շահեր: Մեր միակ հենարանը մեր ժողովրդի հավաքական ուժն է». այս նշանաբանը դարձավ վաղ շրջանի Մանուկյան քաղաքական և պետական գործչի ուղենիշը: Մշտական բարեկամը Ռուսաստանն էր, մշտական թշնամին՝ Թուրքիան: Մանուկյանը Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման կողմնակից էր, իսկ պանթուրքիզմը համարում էր տեսական վտանգ:

Հայոց համազգային բազմաշերտ շարժման մեջ Մանուկյանը ներկայացնում էր ազգային-ժողովրդավարական ուղղությունը:

1990թ․ օգոստոսի 13-ին որպես ՀՀՇ-ի առաջին դեմքերից մեկը խորհրդարանի կողմից ընտրվեց վարչապետի պաշտոնում, իսկ մեկ տարի անց հրաժարական տվեց, իր համախոհների հետ հեռացավ ՀՀՇ-ից, ստեղծեց ԱԺՄ-ն և դարձավ ընդդիմություն՝ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա կառավարության հանդեպ:

ՀՀՇ-ից հեռանալու Մանուկյանի շարժառիթներից էր այն, որ օրվա իշխանական կուսակցությունը 1991թ․ հոկտեմբերի 16-ին նախատեսված ընտրություններում առաջադրեց Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Մանուկյանը չմասնակցեց այդ ընտրություններին, որոնք ավարտվեցին Տեր-Պետրոսյանի հաղթանակով: Նախագահի որևէ թեկնածու, որևէ կուսակցություն երբեք չի հավաքել ավելի քան 83 տոկոս, ինչպես Տեր-Պետրոսյանը:

Արցախյան պատերազմի ամենածանր շրջանում՝ 1992-ի ամռանը, երբ հայկական ուժերը կորցրել էին նախկին ԼՂԻՄ-ի մեկ երրորդը, ՀՅԴ-ի և մի շարք այլ ուժերի հետ ԱԺՄ-ն Ազատության հրապարակում անց էր կացնում Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը պահանջող բազմամարդ հանրահավաքներ:

1992-ի աշնանը Տեր-Պետրոսյանը իր նախկին համախոհ, այժմ՝ արմատական ընդդիմադիր Մանուկյանին նշանակեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար և պաշտպանության հարցերը համակարգող պետական նախարար: Այդ պաշտոնում նա մնաց մեկ տարի, որը համընկավ Արցախում հայկական ուժերի հաղթական շրջանի հետ: Այս հարցում Մանուկյանի դերը կարևոր էր:

1995-ին ԱԺՄ-ն մասնակցեց խորհրդարանական ընտրություններին և ստացավ քվեների 7,5 տոկոսը և զբաղեցրեց չորրորդ տեղը՝ ձայների քանակով առաջ թողնելով Հանրապետություն միավորմանը (ՀՀՇ, ՀՀԿ և մի քանի այլ ուժեր), Շամիրամին (հայ կանանց միավորում էր, որի թիկունքում այն օրերի ամենազոր Վանո Սիրադեղյանն էր) և Կոմկուսին:

1996-ի սեպտեմբերը դարձավ Վազգեն Մանուկյանի աստեղային ժամը: Նախագահական ընտրություններում նա ստացավ քվեների ավելի քան 41 տոկոսը: Հայաստանի պատմության մեջ ընդդիմության որևէ այլ առաջնորդի չի հաջողվել ստանալ այդքան քվե: Ավելին, Հայաստանի ժողովրդի մի հատվածի և Մանուկյանի կողմնակիցների մոտ կա այն համոզումը, որ այդ ընտրությունները կեղծվել են: Հետագայում Վանո Սիրադեղյանը մի առիթով հայտարարեց, որ թեև Լևոնը չէր հաղթահարել 50 տոկոսը (պաշտոնապես հայտարարվեց 52 տոկոս), սակայն առաջին փուլում Մանուկյանն էլ չէր հաղթել:

1996-ը հիշարժան էր նրանով, որ Վազգեն Մանուկյանի շուրջ ձևավորվեց լայն դաշինք, և անգամ Պարույր Հայրիկյանը, որը 1991-ի ընտրություններում զբաղեցրել էր երկրորդ տեղը, հանեց իր թեկնածությունը՝ հօգուտ Մանուկյանի: 1996-ի սեպտեմբերին Վազգեն Մանուկյանը և կողմնակիցները գրոհեցին Ազգային ժողովի շենքը, որտեղ այդ ժամանակ գտնվում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ծանր մարմնական վնասվածքներ ստացան խորհրդարանի նախագահ Բաբկեն Արարքցյանն ու նրա տեղակալ Արա Սահակյանը: Իրենց հերթին, իշխանությունները ուժ կիրառեցին ընդդիմության նկատմամբ, այդ թվում՝ խորհրդարանի ամբիոնի մոտ ծեծի ենթարկելով մի շարք ընդդիմադիր գործիչների:

Նախագահական հաջորդ՝ արտահերթ ընտրություններում, որի պատճառը 1998թ․ փետրվարին Տեր-Պետրոսյանի հրաժարականն էր, Մանուկյանը կրկին մասնակցեց և այս անգամ ստացավ քվեների ավելի քան 12 տոկոսը: Երկրորդ փուլ դուրս եկան Ռոբերտ Քոչարյանն ու Կարեն Դեմիրճյանը:

2003թ․ նախագահական ընտրություններում Վազգեն Մանուկյանը ստացավ ձայների 1 տոկոսից պակաս՝ 0,9:

2008-ին Մանուկյանը վերջին՝ չորրորդ անգամ մասնակցեց նախագահական ընտրություններին և ստացավ քվեների 1,3 տոկոսը: Այդ ընտրություններում Մանուկյանը հանդես էր գալիս ոչ այնքան իր թեկնածությունը քարոզելով, որքան քննադատելով Լևոն Տեր-Պետրոսյանին, որը տասը տարվա լռությունից հետո վերադարձել էր քաղաքականություն և մարտահրավեր նետել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին:

2008-ից հետո Մանուկյանը մերձեցավ Սերժ Սարգսյանի իշխանությանը և նշանակվեց նորաստեղծ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում՝ մնալով 10 տարի:

Այսօր Մանուկյանը հավակնում է ժամանակավոր կառավարության ղեկավարի պաշտոնին:

Վերջին հանրահավաքում նա մի քանի կոշտ, անուղղակի բռնության տարրեր պարունակող հայտարարություններ արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին: Մասնավորապես, նա նշեց, որ «գազազած ժողովուրդը [Փաշինյանին] կհոշոտի», նա պետք է հեռանա, եթե չհեռանա կամավոր, ապա կհեռանա զոռով»:

Առավել զարմանալի էր նրա հետևյալ հայտարարությունը. «Թուրքիայի դեմ մեծ ուժ է հավաքվելու, աշխարհը չի ներելու Թուրքիային նրա լկտիությունները: Եթե ստեղծվում է դաշինք Թուրքիայի դեմ, մենք այդ դաշինքի մեջ ենք»:

Միջին վիճակագրական հայի համար նման մեկնաբանությունը, թվում է, նորմալ է, բայց ոչ Մանուկյանի համար, որը 1988թ. սեպտեմբերին հայտարարում էր. «Հայաստանն իր բոլոր չորս անմիջական հարևանների` Թուրքիայի, Իրանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ, կարող է խաղաղ ապրել, և հայերին միջնորդներ պետք չեն: Եթե առաջանան հարցեր այդ հարևանների հետ, եթե ի վիճակի լինենք լուծելու, կլուծենք, եթե ոչ` կլռենք: Բայց չպետք է բացառել բոլոր հարևանների հետ խաղաղ, համերաշխ ապրելու հնարավորությունը: Մենք համոզել ենք ինքներս մեզ, ինչպես նաև` Ռուսաստանին, որ առանց նրա ապրել չենք կարող, նա էլ ինչ ուզում է, մեզ հետ անում է: Մեր և Ռուսաստանի հարաբերությունների հիմքում այդ չարիքն է ընկած, մեր բոլոր կորուստները դրանով են պայմանավորված»:

Մեկնաբանել