ՀՀ-ում գտնվող սիրիացի վարձկանները չեն փոխանակվելու․ Քննչական կոմիտե

Երկու սիրիացի վարձկան ահաբեկիչները, որոնք գտնվում են Հայաստանում, ռազմագերի չեն համարվում և ենթակա չեն հանձնման կամ փոխանակման: Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը:

«Նրանք մեղադրյալի կարգավիճակ ունեն և կալանավորված են»,- տեղեկացրեց նա։

Սիրիացի վարձկանների կարգավիճակի և հնարավոր փոխանակման հարցը քննարկվում է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի համատեքստում։

Ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածի (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1-ին կետի (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասի (վարձկանություն) հատկանիշներով: Նրանք մասնակցել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին և ձերբակալվել ԱՀ պաշտպանության բանակի ուժերի կողմից:

***

Ադրբեջանի՝ գերիների ու անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը դեկտեմբերի 1-ին հայտարարել էր, որ Ադրբեջանը կողմ է գերիների փոխանակման հարցում այդ սկզբունքին: 

Դեկտեմբերի 2-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը նույնպես հայտարարել էր, որ հայկական կողմն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը:

«Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը վերաբերում է նաև պատերազմից առաջ հայկական ու ադրբեջանական կողմում պահվող գերիներին։

Այդ սկզբունքով Բաքուն դեռ պատերազմից առաջ առաջարկում էր հայ գերիներին փոխանակել Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ։ Հայկական կողմը մերժում էր այդ առաջարկը։