Հայաստանի սահմանից այս կողմ որևէ տարածք զիջված չէ և զիջված չի կարող լինել․ Ավինյան

Իրավական սահման, որպես այդպիսին, Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական արձանագրված չէ․ այս մասին դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Այս պահի դրությամբ սահմանի ամբողջ երկայնքով միջգերատեսչական խումբ է աշխատում, ամբողջ սահմանի երկայնքի վերաբերյալ իրավական փաստաթղթերն են պատրաստվում գալիք՝ սպասվելիք բանակցություններին, որը տեղի է ունենալու, ամենայն հավանականությամբ, հենց այս տարի՝ ռուս գործընկերների միջնորդությամբ։ Իրավական սահման որպես այդպիսին Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական արձանագրված չէ։ Մենք վեր ենք հանել բոլոր այն իրավական փաստաթղթերը և քարտեզները, որոնք որ հիմք են հանդիսանալու այդ բանակցությունենրի համար, և այդ օրակարգով մոտակա շաբաթների ընթացքում տեղի են ունենալու բանակցություններ։ Ուզում եմ հստակեցնել, որ իրավական սահմանը որպես այդպիսին բանակցությունների արդյունքում վերջնական փաստաթղթի տեսքով պետք է ընդունեն երկու կողմերը», – նշել է փոխվարչապետը։

Ավինյանը նաև ընդգծել է, որ «Հայաստանի սահմանից այս կողմ որևէ տարածք զիջված չէ և զիջված չի կարող լինել»։ Իսկ ամբողջ սահմանով ԶՈւ տեղակայումներն, ըստ Ավինյանի, տեղի են ունենալու պայմանավորվածությունների և բանակցությունների արդյունքում։

Մեկնաբանել