Փաշինյանը հերքում է լուրը, թե եռակողմ հայտարարությունը հավելված ունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է այն լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտարարությունն ունի հավելված․ այս մասին նա հայտարարել է Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գուրգեն Բաղդասարյանի հարցին:

«Ոչ մի հավելված գոյություն չունի: Ինձ այսօր ասացին, որ ինչ-որ լուրեր կան, թե գոյություն ունեն ինչ-որ հավելվածներ»,- ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով եռակողմ հայտարարության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումներ իրականացնելու վերաբերյալ մանրամասներ ներկայացնելու դիտարկմանը՝ Փաշինյանը նշել է, որ այդ հարցերի հրապարակային քննարկումը որևէ օգուտ այս պահին չի բերի:

«Որևէ հրապարակային քննարկում ոչ մի օգուտ չի կարող բերել: Հասկանում եմ գայթակղությունը, որ մենք ուզում ենք բոլոր մանրամասներին անդրադառնալ: Ոչ մի խոչընդոտ չկա ԱԺ-ում դռնփակ նիստ հրավիրելու, որտեղ ես պատրաստ եմ բոլոր մանրամասներին անդրադառնալ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։