Արարատի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքում գրառում է արել և հայտնել, որ հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Արարատի մարզպետի պաշտոնում աշխատեցի 2,5 տարի: Աշխատանքի անցնելուց անմիջապես հետո լծվել եմ մարզը զարգացնելու և մեր բնակիչների կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու գործին։ Ժամանակն, իհարկե, բավարար չէր, որպեսզի մեր նախանշած բոլոր ծրագրերը կյանքի կոչեինք, սակայն այս ընթացքում կատարվեցին բավականին շատ աշխատանքներ, որոնք հեղափոխությունից առաջ տարիներ շարունակ չէին իրականացվել, միևնույն ժամանակ, վստահեցնում եմ ձեզ՝ այս 2,5 տարում եղած ռեսուրսով արվել է մաքսիմումը, ինչը հնարավոր էր անել: Կատարված աշխատանքների մասին առաջիկայում կներկայացնեմ մանրամասն հաշվետվություն»,- գրել է նա։

Գարիկ Սարգսյանը նշել է նաև, որ շարունակելու է գործունեությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում։ Նա շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ վստահության համար։