Երեք գերիները տարեց քաղաքացիական անձինք են, ունեն առողջական լուրջ խնդիրներ

Դեկտեմբերի 9-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան տեղափոխված երեք գերիները տարեց քաղաքացիական անձինք են և, առաջնահերթության սկզբունքով, հայկական կողմին են փոխանցվել առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով։ Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Ավելի վաղ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ։

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 5-ին  անդրադարձել էր գերիների և անհայտ կորածների հարցին։ Վարչապետի խոսքով՝ համաձայնեցված է սկզբունք, որ բոլորը պետք է փոխանակվեն, այդ թվում՝ պատերազմից առաջ գերեվարված անձինք։

«Կարևորագույն խնդիր է մեր գերեվարված հայրենակիցների վերադարձը։ Այստեղ որոշակի առաջընթաց ունենք, և ըստ էության, համաձայնեցված է սկզբունքը, որ բոլորը պետք է փոխանակվեն բոլորի հետ։ Ընդ որում, ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլ նաև պատերազմից առաջ հայկական և ադրբեջանական կողմերում հայտնած անձինք պետք է վերադարձվեն։ Ու հիմա մեր խնդիրն է գործել այնպես, որ ոչ միայն վերադարձնենք պաշտոնապես հաստատված գերիներին, այլ նաև մեխանիզմներ ստեղծենք, որ եթե հետագայում կպարզվեն այլ անուններ եւս, նրանց վերադարձի հետ կապված խնդիրներ չծագեն»,- նշել էր նա։