Կառուցապատողների չորս շոկերը 2020 թվականին

«Արտքոմփանի» ընկերության հիմնադիր Վահե Պետրոսյանը Սիվիլնեթի հետ զրույցում խոսում է 2020 թվականին անշարժ գույքի շուկայի համար շոկերի, բնակարան ձեռք բերելու հարցում հանրային վարքագծի փոփոխությունների մասին։ Պետրոսյանի հետ հարցազրույցը՝ ստորև․

Պարոն Պետրոսյան, ՀՀ կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն՝ անշարժ գույքի գործարքները նվազել են։ Օրինակ, Երևանում այս տարվա հոկտեմբերին առքուվաճառքի գործարքները նախորդ տարվա հոկտեմբերի համեմաատ 21 տոկոսով նվազել են։ Ձեր տպավորությամբ՝ այս անկումը շարունակվելո՞ւ է։

– Մեր տնտեսությունը այս տարի 4 «նոկդաուն» ստացավ՝ առաջինը կորոնավիրուսի առաջին ալիքն էր, հետո երկրորդ ալիքն էր, պատերազմն ու այսօրվա խորը քաղաքական ճգնաժամը։ Դրանցից ամեն մեկը առանձին հերիք էր, որ տնտեսությունը  անկում ապրեր, մեր գլխին այս տարի չորս պատուհաս եղավ։ Ես կարող եմ առաջնային շուկայի մասով դիրքորոշում հայտնել. սկսվել է վաճառքի տեմպերի անկում, բազմաթիվ մարդիկ մտածմունքների մեջ են, ժողովրդական լեզվով ասած՝«ոտքերը կախ են գցել» մինչև հասկանալի լինի, թե ինչ է կատարվում։ Լավատեսությունն ապագայի նկատմամբ բավական ընկել է, բոլորի համար դա պարզ է։

– Սա բերե՞լ է գնանկման։

– Ոչ։ Կա սպասում, որ վաճառքի անկումը գնանկման է բերելու, բայց նաև հակառակ սպասումը կա, որ բազմաթիվ մարդկանց մոտ վախ կա եկամտահարկի վերադարձի մասին օրենքը փոփոխելու, այդ մեխանիզմը հանելու հետ
կապված։ Մարդը, եթե մտածում է, որ պայմանականորեն՝ սպասեմ, բնակարանի մեկ մետր քառակուսին 1 000 դոլարով չգնեմ, կգնեմ 800 դոլարով, վախենում է նաև, որ եկամտահարկը կհանեն։ Բացի այդ, վերադարձել են արտագաղթային տրամադրությունները, որոնք կարծես չկային, ներգաղթային տրամադրություններն էին գերակայում, ու այս տրամաբանության մեջ պահանջարկ կար, հիմա արտագաղթային տրամադրություններ կան: Պատճառներից մեկն էլ այն է, որ բազմաթիվ մարդիկ, քանի որ հիփոթեքով են ձեռք բերում բնակարանները, որն էլ իր հերթին կապված է եկամտահարկի վերադարձի հետ, հիմա վստահ չեն, որ իրենց աշխատատեղը կպահպանվի, չեն շտապում նոր գնումներ կատարել։ Սա հատկապես վերաբերում է զբոսաշրջության ոլորտին, սպասարկման ոլորտին, մարդիկ ձեռնպահ են մնում տուն գնելուց։ Իրականում գնանկում առաջնային շուկայում առանձնապես չկա ու եթե լինի էլ՝ իներցիայով է լինելու․ պիտի լինի վաճառքի անկում, որից հետո 10-11 ամիս անց նոր գնանկում։

– Դուք խոսեցիք անշարժ գույքի վերաբերյալ բնակչության վարքագծի մասին, իսկ կառուցապատողների վարքագիծն ինչպիսի՞ն է, հակվա՞ծ են նոր նախագծերի։

– Նախ կառուցապատողները այսօր 2008-ի կառուցապատողները չեն, փոխվել են, ավելի կարգապահ են իրենց ֆինանսական հարցերում, օրենսդրությունն էլ է ավելի կարգավորել դաշտը։ Կառուցապատողները այժմ ապագային ավելի զգուշավոր են նայում, նոր նախագծեր հիմնականում չեն սկսում, բայց սաղմնային փուլում գտնվող նախագծերը շարունակվում են։

– Հայաստանը հոկտեմբերին որոշեց Թուրքիայից ներկրվող ապրանքների նկատմամբ վեցամսյա արգելք սահմանել։ Շինարարության ոլորտի վրա սա ինչպե՞ս կանդրադառնա, դուք պաշտպանու՞մ եք այդ որոշումը։

– Ես ողջունում եմ այդ արգելքը, իհարկե միայն բիզնեսը չէ, կառուցապատողը նաև հայ մարդ է, որը հասկանում է՝ եթե որևէ երկիր կամ ընկերություն թշնամաբար է տրամադրված քո նկատմամբ, ավելի լավ կլինի մեր աշխատանքի ինքնարժեքը, պայմանական, 20 դոլար բարձրանա, բայց թշնամուն չգնան այդ միջոցները։

Անհրաժեշտ ապրանքները Ռուսաստանից, Չինաստանից, Իրանից կներմուծվեն։  Շինանյութի կախվածություն Թուրքիայից բացարձակ չունենք, հիմնականում ներմուծվում է Իրանից։ Թուրքիայից ներմուծվում է ոչ թե ինքնարժեք ձևավորող շինանյութ՝ ցեմենտ, երկաթ և այլն, այլ կիսապատրաստուկներ՝ խողովակ, պտուտակ, այլ բաներ, որոնք առանձնապես էական չեն ազդում գնի վրա, ու եթե դա փոխենք, ինքնարժեքը պայմանականորեն կթանկանա 20 դոլարով։ Ոչինչ, մենք այդ նեղությունը մեզ կտանք մեր շահույթների հաշվին։ Կարծում եմ, որ ավելի ուժեղ կտուժի տեքստիլը։

– Դուք խոսեցիք եկամտահարկի վերադարձի մեխանիզմի փոփոխության հնարավորության մասին։ Մի կողմից կառավարությունը սա համարում է էական բեռ բյուջեի վրա, բայց մյուս կողմից, հաշվի առնելով տնտեսական դժվարությունները, տրամաբանական կլինի, որ շինարարությունը խթանելու համար պետությունը շարունակի պահպանել եկամտահարկի վերադարձի օրենսդրությունը։ Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցի վերաբերյալ։

– Մենք կառուցապատողներով կարողացել ենք ապացուցել, որ սա բյուջեի վրա ոչ մի ծախսային բեռ էլ չէ։ Եկամտային հարկի օրենքի կիրառումը կարելի է համեմատել գյուղատնտեսության մեջ սելիտրայի հետ՝ ինչքան շատ ցանես, այնքան շատ կաճի։ Սելիտրան ծախս է, բայց բերքն էլ շատ է, տնտեսապես արդյունավետ է, ու մենք ցույց ենք տվել հաշվարկներով, որ եկամտահարկի վերադարձի բեռը ավելի փոքր է, քան դրա տրված հարկերը՝ ամեն ինչով վերցրած՝ կապալառուներ, բանկերի վարկեր, հետշինարարական ծախսեր և այլն։ Եկամտահարկի վերադարձը խրախուսման ինստիտուտ է ու, այո, ինչ-որ պահի սա պիտի դադարի կամ փոխարինվի ավելի լավ մեխանիզմով։ Մենք էլ ենք դա ընդունում, բայց այսօր դրա մասին խոսելը շատ վաղ է, որովհետև նախևառաջ ունենք խնդիր զբաղվածություն ապահովելու ու տնտեսությունը պահելու, մենք այսօր չպիտի թողնենք, որ այս ոլորտը ծնկի գա, արդեն իսկ ունենք խնդիրներ։ 

Անկախ ամեն ինչից, եթե որոշվի եկամտահարկի այդ հնարավորությունը փակել, այդ պահի դրությամբ շուկայի մեջ եղած մարդկանց համար չպիտի խաղի կանոն փոխվի։ Իհարկե, եթե ասվի՝ այսօրվանից փակում ենք այդ օրենքը, դա չպիտի անդրադառնա այն սուբյեկտների վրա, որոնք ունեն առած հող, ունեն շինթույլտվություն։ Եթե այդպես անեն, կստացվի, որ մարդուն խաբեցին, չի կարելի։

– Ամիսներ առաջ Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը դժգոհում էր, որ 550 միլիոն դոլարի շինարարական ներդրում կանգնած է՝ երկրում առկա ընթացակարգերի պատճառով։ Հիմա է՞լ ունեն կառուցապատողները դժվարություն պետական մարմինների հետ հարաբերվելիս։

– Խոսակցությունը վարչական դատավարության օրենսգրքի փոփոխության մասին էր։ Դա ես համարում եմ հաջողություն, շատ կարևոր փոփոխություն էր։ Այդ փոփոխությունից հետո ինձ հայտնի նախագծեր վերսկսվեցին։ Մինչ այդ բավարար էր մեկ հայց վարչական դատարանում՝ հիմնավոր թե անհիմն կապ չուներ, որպեսզի կասեցվի շինթույլտվությունն ու շինարարությունը կանգնի օրենքի ուժով։ Ցանկացած հարևան ինչ-որ ձևական հիմքերով դիմում էր դատարան՝ կառուցապատողին շանտաժ անելու համար։ Կառուցապատողները դառնում էին քողարկված շանտաժի զոհ, հանրային շահը գերակա դարձավ ու բարեբախտաբար այդ օրենքն ընդունվեց։

– Կառուցապատողների կողմից ինչո՞ւ հետաքրքրություն չկա եկամտահարկի վերադարձով բազմաբնակարան համալիրներ կառուցելու նաև մարզերում։

– Եթե լինի պահանջարկ, կառուցապատողները իրար հերթ չեն տա, որ վազեն ու որևէ մարզում սկսեն շինարարություն։ Կառուցապատողն ո՞վ է․ մարդ, որ ապրանք է սարքում ու վաճառում, որտեղ վաճառվում է, այնտեղ էլ սարքում է։ Սա այն շուկան է, որտեղ պահանջարկն է ձևավորում առաջարկ, եթե եղավ առաջարկ այլ մարզում, կլինի շինարարություն։ Որտեղ կառուցվում է՝ պիտի լինի առաջարկ, պիտի լինեն արտադրություններ, լավ վճարվող աշխատատեղեր, ու այդ ժամանակ կառուցապատողները վազելով կգնան շենքեր սարքելու։

Զրուցեց Մկրտիչ Կարապետյանը