Քաղաքական հայտարարությունները չպետք է խափանեն ձեռք բերված արդյունքը․ Զախարովա

Քաղաքական հայտարարությունները չպետք է խափանեն ձեռք բերված արդյունքը ՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը: Ավելին, քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն սկսված կարգավորման գործընթացին․ այս մասին ամենշաբաթյա բրիֆինգում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բաքվի ռազմական շքերթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանը, Սևանը և Զանգեզուրը ադրբեջանական տարածքներ անվանելու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքը, թե այս օրը «Էնվեր փաշայի, Նուրի փաշայի և Կովկասի իսլամական բանակի զինվորների հոգու լուսավորման օրն է»:

Զախարովան ավելացրել է, որ չի տեսել Ալիևի և Էրդողանի հայտարարության օրիգինալ տարբերակները, ուստի կարող է խոսել ընդհանուր առմամբ:

«Իրավիճակը տարածաշրջանում շատ բարդ է, մեծ ջանքեր են գործադրվել այն խաղաղ հուն վերադարձնելու, ռազմական գործողությունները դադարեցնելու, կողմերին բանակցային սեղանի շուրջ բերելու և փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման, տարածաշրջանում բոլոր ոլորտներում նորմալ կյանքի ստեղծման համար անհրաժեշտ նախադրյալների և պայմանների ստեղծման համար»,- ասել է Զախարովան:

Նա ընդգծել է, որ այդ աշխատանքը բավականին բարդ է, ուստի քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն հենց այդ գործընթացներին:  

«Ադրբեջանցիների և հայերի համակեցության պատմական դրական փորձ կա ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի տարածքում: Այժմ Ռուսաստանի միջնորդական ջանքերի շնորհիվ դադարեցվել է արյունահեղությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել փախստականների, ներքին տեղահանված անձանց վերադարձի և տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ»,- ասել է նա:

Զախարովան նաև հիշեցրել է, որ արդեն ստեղծվել է մարդասիրական արձագանքման կենտրոն, որը նախատեսված է Ադրբեջանին, Հայաստանին օգնություն տրամադրելու, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման, բնակչության բնականոն կյանքի պայմանների ստեղծման համար: Ըստ նրա, դա իրական նախադրյալներ է ստեղծում ժողովուրդների միջև երկխոսություն հաստատելու համար, և այդ երկխոսությունը տարաձայնությունները հաղթահարելու միակ հնարավոր տարբերակն է:

«Օրակարգը պետք է ներառի գործարարների, գիտնականների, առհասարակ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև կապերի ստեղծում և համախմբում: Փոխգործակցության հնարավոր տարբերակներից մեկը լրագրողների փոխայցելություններն են, մանավանդ, որ արդեն նման փորձ կա»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Այնուամենայնիվ, ըստ Զախարովայի, այս ամենը հնարավոր կլինի պետությունների ղեկավարների քաղաքական կամքի դրսևորման դեպքում:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն անդրադարձել է  նաև Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությամբ նախատեսված տնտեսական հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցին: Նա ընդգծել է, որ երեք երկրների ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ իսկապես տարածաշրջանում ապաշրջափակվում են բոլոր տնտեսական տրանսպորտային ուղիները:

«Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով տրանսպորտային միջոցների երթևեկության, քաղաքացիների և բեռների տեղափոխման նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն ապահովում են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության մարմինները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ կողմերի համաձայնությամբ կապահովվի նոր տրանսպորտային հաղորդակցության միջոցների կառուցումը, որոնք կապելու են Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի հիմնական տարածքի հետ: Տնտեսական ուղիների ապաշրջափակումը և նոր ուղիների կառուցումը, ինչպես հասկանում եք, երկարատև գործընթաց է, որի հետ կապված գլխավոր հարցերը որոշվելու են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից»,- ասել է Զախարովան:

Վերջինս հավելել է, որ «ներկա պահին առավել հեռանկարային ուղղություն է երկաթուղային հաղորդակցության վերականգնումը»:

«Ռուս մասնագետների աջակցությամբ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի սահմանամերձ շրջանում երկաթուղային ենթակառուցվածքների՝ սահմանամերձ տարածքների նախնական ուսումնասիրություն է տեղի ունեցել»,- նշել է Զախարովան: