Նիկոլ Փաշինյան․ ընտրված աղետ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի բնակչության 70 տոկոսի կողմից ընտրված աղետ է: Ցավալի ու վտանգավոր է հատկապես, երբ ընտրված վարչապետն ու նրա թիմակիցները՝ Քաղաքացիական պայմանագիրը, խորհրդարանական մեծամասնություն կազմող Իմ քայլը դա չեն գիտակցում: Նրանք շարունակում են ապրել 2018-ի Թավշյա Հայաստանում: Այն Հայաստանում, որն այլևս գոյություն չունի: Նրանք շարունակում են հիանալ ու ոգեշնչվել այն Փաշինյանով, որն այլևս չկա:

Փաշինյանը Անդրկովկասում ընտրված առաջին աղետը չէ: 1990-ական թվականների սկզբին Վրաստանն ու Ադրբեջանը ունեցան փիլիսոփայորեն տրամադրված և իրենց երկրներին աղետ պատճառած Զվիադ Գամսախուրդիա ու Աբուլֆազ Էլչիբեյ, սակայն Հայաստանը չունեցավ: Երկուսն էլ ընտրվել էին ժողովրդի կողմից ճիշտ այնպես, ինչպես Փաշինյանը: 

Վրաստանը, մասամբ նաև՝ Ադրբեջանը, ներքաշվեցին ներքաղաքական աղետալի պատերազմի մեջ ու ջախջախիչ պարտություններ կրեցին Աբխազիայում, Օսիայում և Արցախում, մինչդեռ երկրաշարժի փլատակների տակ, 300 հազար փախստականներով, շրջափակման տակ գտնվող Հայաստանը զերծ մնաց ներքաղաքական խժդժություններից ու անհավատալի, անհավատալի ու կրկին անհավատալի հաղթանակ տարավ պարտադրված պատերազմում՝ 1991-1994 թվականներին: 44 օրերի ընթացքում Հայաստանը կորցրեց ոչ միայն այն, ինչ ձեռք էր բերել, այլ ավելին: 

Հայաստանում եղել են ներքաղաքական ճգնաժամեր, որոնք, սակայն, չեն վերաճել քաղաքացիական պատերազմի:

Փաշինյանը, իշխանության գալով Սերժին մերժելու ալիքի վրա, ի վիճակի չեղավ օգտվելու պատմական հնարավորությունից: 

Ձախողելու առաջին նախանշանները կադրային քաղաքականությունն էր և համակարգային բարեփոխումներից հրաժարվելու անհասականալի համառությունը: 

Դատարանները շրջափակելու քայլը լուրջ ազդանշան էր, որ Փաշինյանը արհամարհում է դատական, գործադիր և օրենսդիր իշխանությունների տարանջատման սկզբունքը՝ իրավական պետության հիմքը:

Երբ ժողովրդին կոչ արեց շրջափակել Ազգային ժողովը, ակնհայտ դարձավ, որ նա մերժում է նաև պոպուլիստ քաղաքական գործչից պետական ղեկավար դառնալու հնարավորությունը:

Երբ Միլանի հայկական եկեղեցում վարչապետը մեջբերումներ էր անում Հիսուս Քրիստոսից, ակնհայտ դարձավ, որ մարդը իրեն մեսիա է համարում, որ ունի պատմական առաքելություն: 

Երբ իմքայլական պատգամավորները ուղղակի ներգրավվեցին Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահի ընտրություններում, պարզ դարձավ, որ հեղափոխականների թիմը հեշտ իշխանություն չի տա: Եթե նրանց համար ֆեդերացիայի նախագահի ով լինելը այդքան էական է, ապա պատկերացնել կարելի է, թե ինչպես են նրանք կառչելու իշխանական աթոռներից:

Իլհամ Ալիևի հետ Մյունխենում տեղի ունեցած դպրոցական մակարդակի լեզվակռվում Փաշինյանը բարձր ամբիոնից ի ցույց դրեց գիտելիքների իր շտեմարանն ու գավառական մտածողությունը: 

Արհամարհեց կորոնավիրուսը և նախաձեռնեց ԱՅՈ-ի քարոզարշավ: Նրա համար իրենից շատ բան չներկայացնող Սահմանադրական դատարանի նախագահից ազատվելը ավելի կարևոր էր, քան սեփական ժողովրդի առողջությունը:

Հետո, երբ Հայաստանում մոլեգնում էր վարակը, Հայաստանի իշխանությունները կանաչ լույս վառեցին Արցախում ընտրությունների անցկացմանն ու Արայիկ Հարությունյանի ընտրությանը: Արարատ Միրզոյանը խոստացել էր, որ հենց Հարությունյանն է դառնալու Արցախի նախագահ:

Այս և բազմաթիվ քայլեր ներվում էին Փաշինյանին ու թիմին, քանի որ նա ստացել էր ժողովրդի քվեն, նա կարողացել էր Սերժին մերժելու ալիքի վրա հույս ներշնչել Հայաստանին ու նրա ժողովրդի մեծագույն մասին:

44-օրյա աղետալի պատերազմը, որի արդյունքում ունեցանք մարդկային, տարածքային և ինքնիշխանության ահռելի կորուստներ, ցույց տվեց, որ Փաշինյանն ու թիմը ի վիճակի չեն պետություն կառավարել: 

Չգիտակցելով, որ երկրում իրավիճակ է փոխվել և ապրելով 2018-ի Թավշյա Հայաստանում, Նիկոլ Փաշինյանը անուղղակի կերպով լեգիտիմություն է տալիս փողոց դուրս եկած և, մեծ հաշվով, Հայաստանի ժողովրդի կողմից վստահություն չվայելող, մերժված ընդդիմությանը, որը նախկին իշխանությունն է: 

Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին օրը, նա հայտարարում էր, որ պատրաստ է զոհվելու հանուն Հայաստանի։ Պարզվում է, որ, սակայն, հանուն հայրենիքի նա պատրաստ չէ իր աթոռը զոհելու։

Չպետք է բացառել, որ Փաշինյանին ու թիմին կհաջողվի մնալ իշխանության: Գինն է կարևոր: Ի՞նչ գնով: Այստեղ բացարձակապես կարևոր չէ, թե ինչ գին կարող են վճարել Փաշինյանն ու թիմը: Կարևորը Հայաստանն է:

Փաշինյանի՝ վարչապետ մնալու ամեն օրը վճարվում է Հայաստանի Հանրապետության հաշվին: Այս երկրի ինքնիշխանության, արժանապատվության և ապագայի հաշվին: