«Սադրիչ հայտարարություններ են». Փաշինյանի խոսնակը պատասխանել է Ալիևին և Էրդողանին

Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների վերաբերյալ բարձրաձայնումը լրջագույն կասկածի տակ է դնում Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղության հաստատման հարցում և նպատակաուղղված վտանգում է տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը․ այսպես է պատասխանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը Բաքվում Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարություններին։

«Խստորեն դատապարտում ենք այսօր Բաքվում Ադրբեջանի ղեկավարի հնչեցրած սադրիչ հայտարարությունները: Ադրբեջանի նախագահի պնդումները, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է ղարաբաղյան խնդիրը, ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է պատերազմի և ուժի կիրառման նախաձեռնողը, ով է տարածաշրջանը փորձում տանել հետագա ապակայունացման և փորձության ճանապարհով»,–ասել է Գևորգյանը:

Նրա խոսքով` այդ հայտարարություններն առավել քան այժմեական են դարձնում արցախահայության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ որպես արցախահայության նկատմամբ ադրբեջանական ցեղասպան նոր նկրտումները կանխելու միջոց: Գևորգյանն ասել է նաև, որ այդ հայտարարությունները հակասում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և դրույթներին:

Մեկնաբանել