Ընտրական օրենսգրքի նախագիծը կշրջանառվի հաջորդ տարվա սկզբին․ Համազասպ Դանիելյան

Ընտրական օրենսգրքի նախագիծը կշրջանառվի հաջորդ տարվա սկզբին. դեկտեմբերի 12-ին ճեպազրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգաավոր Համազասպ Դանիելյանը։ 

Նա նշեց՝ «կուսակցութունների մասին օրենքն ու ընտրական օրենսգիրքը ընթանում է այն ժամանակացույցով, որին իրենք հավատարիմ են մնում»։ 

ԱԺ-ի անցած քառօրյայում ընդունվեց «Կուսակցությունների մասին» օրենքը, որի հիմնական փոփոխություններին անդրադառնալով՝ պատգամավորն ասաց. «Երեք հիմնական կարևոր փոփոխություններն են՝ կուսակցությունների ֆինանսական թափանցիկության ավելացումը, որը հնարավորություն կտա իմանալ, թե յուրաքանչյուր կուսակցություն ինչ միջոցներից է սնվում, ֆինանսական հոսքերի հետ կապված խաղի կանոնների սահմանում կա ու ներառում է նաև իրավաբանական անձանց կողմից կուսակցությունների ֆինանսական աջակցության արգելք, արգելքի մեխանիզմ կա նաև   ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց կողմից ֆինանսավորման հետ կապված։ Երկրորդ հերթին կուսակցությունների գրանցման հետ կապված պայմանների ազատականացումն է, օրենսդրական պահանջներ կան կուսակցություններին ներքին ժողովրդավարության առումով։ Երրորդը, որ, կարծում եմ, պակաս կարևոր չէ, շատ կոնկրետ վարչական ու քրեական պատասխանատվության սահմանումն է՝ կուսակցության գործունեության տարբեր ուղղությունների հետ կապված՝ անդամություն պարտադրելու կամ պարտադրանքով անդամակցությունից հրաժարվելու հետ կապված, վերջացրած ապօրինի ֆինանսավորում ներգրավելու հանգամանքով»։ 

Նշենք, որ այս փոփոխությունները հեղափոխությունից հետո եղել են իշխանության օրակարգում և նրանց ծրագրի մաս են։