Քննարկվել են զոհվածների դիերի ԴՆԹ վերլուծությամբ նույնականացումն արագացնելու ուղիները

Դեկտեմբերի 10-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Իր խոսքում փոխվարչապետը նշել է.

«Ներկայում թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին: Այժմ ընթանում է ցուցակների ճշտման գործընթացը: Գերիների փոխանակման գործընթացում, ինչպես հայտարարել ենք, մենք առաջարկել ենք կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը, ինչպես նաև ստեղծել մեխանիզմ, ըստ որի նոր գերիների հայտնաբերման պարագայում կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է առանց նախապայմանների վերադարձնել նրանց: Նշեմ, որ արվում է հնարավոր ամեն բան փոխանակման գործընթացը հնարավորինս արագացնելու համար։

Այսօր կքննարկենք նաև անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները, որոշ ծավալով նաև անդրադառնալու ենք որոնողական աշխատանքների արդյունավետության բարձրացման, ԴՆԹ հետազոտությունների հետ կապված խնդիրներին, հոգեբանական աջակցության տրամադրման ու թեժ գծի աշխատանքների հետ կապված հարցերին»։

Նիստի ընթացքում քննարկվել են զոհվածների դիերի ԴՆԹ վերլուծության միջոցով նույնականացման գործընթացն առավել արագացնելու ուղիները: Առողջապահության նախարարությունը ձեռք է բերում դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ, ինչը հնարավորություն կտա էլ ավելի արագացնել նույնականացման գործընթացը:

Ռուսական կողմի միջնորդությամբ օրերս հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ։

Լուսանկարը՝ արխիվային